Ամփոփվել են «Պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված աշխատանքները

26/02/2021

 

          Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԱՆ Պրոբացիայի ծառայության և «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում իրականացված «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» ավարտական միջոցառումը։ Վերջինին մասնակցել են ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, ԱՆ Քրեակատարողական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի փորձագետ Օդդի Հոլովեյը, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, Ծրագրի փորձագետները, այլք:

  Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից:
  Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: «Պրոբացիայի ծառայությունը 2020 թվականին իրականացրել է շուրջ 3 հազար 500 վարույթ։ Նախորդ տարի պրոբացիայի 46 շահառուի ապահովել ենք աշխատանքով, 784 շահառուի հետ իրականացրել ենք իրավաբանական – խորհրդատվական, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական աշխատանքներ։ Ներկայում ունենք պրոբացիայի 3 հազար շահառու։ Տարեցտարի ավելանում է շահառուների թիվը, ինչը նշանակում է, որ Ծառայության գործառույթների նկատմամբ դատարանների վստահությունը բարձրանում է»,- ընդգծել է Գևորգ Սիմոնյանը՝ ձեռքբերում համարելով նաև շահառուների շրջանում կրկնահանցագործությունների ցածր ցուցանիշը՝ մոտ մեկ տոկոս։

  Ծառայության պետը ևս մեկ անգամ կարևորել է միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացված ծրագրի վերջնարդյունքը և շնորհակալություն հայտնել մասնագիտական չորս ձեռնարկներ մշակելու համար։

  ԱՆ ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը ևս շնորհակալություն է հայտնել  «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղին և Բյուրոյին Արդարադատության նախարարության նորաստեղծ ծառայության կողքին մշտապես լինելու և ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանն աջակցելու համար։ «Ծրագրի շրջանակում արձանագրված ձեռքբերումները համահունչ են Կառավարության ծրագրի այն կետերին, որոնք վերաբերում են պրոբացիայի ոլորտին, մասնավորապես, պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատությանն անցնելուն, որի հիմքում Պրոբացիայի ծառայության արդյունավետ գործունեությունն է ու որակյալ անձնակազմի առկայությունը»,- նշել է Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ Ծրագրի միջոցով հնարավոր է եղել թիրախային վերապատրաստումներ իրականացնել, ինչպես նաև մշակել մասնագիտական ձեռնարկներ։

          Օդդի Հոլովեյը շնորհավորել է բոլորին Ծրագրի ավարտին լավ արդյունք գրանցելու համար և նշել, որ պրոբացիայի ծառայությունը ամենամարդասիրական ու արդյունավետ եղանակներից մեկն է՝ օրենքի հետ խնդիր ունեցողների կյանքը բարելավելու, նրանց հասարակություն վերադարձնելու համար։

          «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանն ու ԱՆ պրոբացիայի ծառայությանը արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև Ծրագրի փորձագետներ Գայանե Հովակիմյանին, Արտակ Կիրակոսյանին և Արշակ Գասպարյանին՝ իրենց գիտելիքներն ի նպաստ Ծրագրի ներդնելու  համար։

          Փորձագետները կարևորել են Ծրագրի շրջանակում արձանագրված ձեռքբերումները և ներկայացրել են ոլորտի զարգացմանն ուղղված իրենց տեսլականը։

          Տեղեկացնենք, որ 2018 թվականի մարտից մեկնարկած այս Ծրագրի շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները․

  • Պրոբացիայի ոլորտի ամերիկացի, ինչպես նաև եվրոպացի փորձագետների հեղինակմամբ, ազգային խորհրդատուների հետ համատեղ մշակվել են 4 մասնագիտական ձեռնարկներ՝ Պրոբացիայի ծառայողի, ծառայության ղեկավար անձնակազմի և ծառայության համար վերապատրաստումներ իրականացնող մեթոդական խմբի համար։
  • Նշված ձեռնարկների հիման վրա Պրոբացիայի ծառայությունից, քրեակատարողական վարչությունից և գործընկեր ՀԿ-ներից առաջադրված 15 թեկնածուների համար միջազգային փորձագետների ներգրավմամբ կազմակերպվել է դասընթացավարների տասնօրյա խորացված դասընթաց, որոնցից լավագույնները հետագայում վարելու են դասընթացներ ՀՀ Պրոբացիայի ծառայության նոր աշխատակիցների նախնական պատրաստման դասընթացները, ինչպես նաև արդեն աշխատող ծառայողների ընթացիկ վերապատրաստումները։
  • Տեղայնացվել, փորձարկվել, բարելավվել, վալիդացվել և գործարկվել է պրոբացիայի շահառուի ռիսկի և կարիքների նախնական գնահատման կամ սկրինինգի միջազգային գործիքը, որի համար իրականացվել է երկրում աննախադեպ հետազոտություն։ ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներից 500 դատապարտյալների, 200-ն առաջին անգամ դատապարտված և 300-ը 2 և ավելի անգամ դատապապարտված անձանց գործերի ուսումնասիրության հիման վրա լայնածավալ հետազոտություն է իրականացվել՝ բացահայտելու գիտահետազոտական աշխարհում հայտնի կրիմինոգեն գործոններին վերաբերող օրինաչափությունները ուսումնասիրվող գործերում և դրանք հաշվի առնելու հայկական գնահատման գործիքի մշակման հիմքում։ Այժմ գործիքի էլեկտրոնային տարբերակը տեղակայված է առցանց տարածքում և գործարկվում է Ծառայության կողմից։
  • Գործընկերներ ՀԿ-ների հետ փորձարկվել է շահառուի ռիսկի և կարիքների խոր գնահատման գործիքը, որը օգնում է առավել նպատակային կազմակերպել շահառուի վերահսկման և վերասոցիալականացման գործընթացները։
  • Մշակվել են ՀՀ Պրոբացիայի ծառայողի կոմպետենցիաները ստուգող մի քանի թեստեր, որոնք փորձարկվել են ՀՀ Պրոբացիայի ծառայության 70 ծառայողների համար կազմակերպված խորացված դասընթացների ժամանակ։
  • ՀՀ Պրոբացիայի ծառայությանը տրամադրվել են նոր ձեռք բերված 11 դյուրակիր համակարգիչներ և 11 բազմաֆունկցիոնալ սարքեր՝ օժանդակելու ծառայության գործունեությանը։