Հայաստանի դատապարտյալների հավաքականը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

12/05/2021

Մայիսի 11-ին կայացել է «Շախմատ հանուն ազատության» ծրագրի առցանց կոնֆերանսն ու միջազգային մրցաշարը` մասնակից չորս երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների միջև։

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) և Կուկի շրջանի շերիֆի գրասենյակի կողմից ձեռնարկված «Շախմատ հանուն ազատության» ծրագրի նպատակը շախմատի ներդրումն է՝ որպես տարբեր երկրների բանտերում կրթության և սոցիալական ներառման գործիք։ Նախագիծն իրականացվում է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո:

Շախմատի համաշխարհային առցանց կոնֆերանսին Հայաստանը ներկայացրել են այն դատապարտյալները, որոնք ընտրվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կայացած շախմատի առաջնության արդյունքներով՝ Ռոբերտ Սարգսյանը, Իգիթ Գրիգորյանը, Ռուբիկ Մկրտչյանը, Նարեկ Հովակիմյանը «Արմավիր» ՔԿՀ-ից և  Արմեն Գորոյանը «Հրազդան» ՔԿՀ-ից։ Դատապարտյալների հետ աշխատել է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը։

Մրցաշարին նախորդած ասուլիսի ժամանակ Շախմատի ակադեմիայի  հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանն ու ԱՆ քրեակատարողական ծառայությանը՝ արդյունավետ համագործակցության համար և նշել, որ մեկ ամիս է, ինչ, օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկսվել են աշխատանքները քրեակատարողական հիմնարկներում շախմատի ուսուցման և մասսայականացման ուղղությամբ։ Գրոսմայստերը վստահություն է հայտնել, որ այդ աշխատանքները շարունակական կլինեն, և բոլոր ՔԿՀ-ներում կունենանք շախմատի ուսուցման դասընթացներ։

Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, Հայաստանի շախմատի ֆեդերացիային դատապարտյալներին նման հնարավորություն ընձեռելու համար և ընդգծել, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ արդեն հասցրել են կայուն համագործակցություն ձևավորել և կազմակերպել մի շարք միջոցառումներ: «Շախմատն անձի երկու հոգեբանական որակները՝ ինտելեկտը և ստեղծարար մտածողությունը զարգացնելու արդյունավետ միջոց է: Շախմատասերները ևս կփաստեն, որ շախմատում կատարված յուրաքանչյուր քայլ պահանջում է ստեղծագործական լուծում: Այս տեսանկյունից կարևորում եմ այն, որ այս ծրագրի շահառուներն անազատության մեջ գտնվող անձինք են, որոնք գտնվում են հասարակությունից մեկուսացման պայմաններում, ուստի նրանց համար կենսական նշանակություն ունի իրենց օրն օգտակար զբաղվածությամբ լցնելը»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ անազատության մեջ գտնվող անձանց հետ տարվող ցանկացած աշխատանք միտված է նրանց վերասոցիալականացմանը։

ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը ևս կարևորել է նման ծրագրերում դատապարտյալների ներգրավման անհրաժեշտությունն ու նշել, որ մարդուն նախապատրաստել հասարակությունում նորմալ կյանքի՝ երկար ու բարդ գործընթաց է։ «Երբ մարդու մոտ նման զբաղմունքներ, նման արժեքներ են ի հայտ գալիս, նա այլ կերպ է նայում հանցավոր աշխարհին և այլ կերպ՝ հասարակական և ազգային արժեքներին։ Բանտարկյալների հետ զրույցներում մենք դա առանձին դեպքերում տեսնում ենք»,- ընդգծել է ՔԿԾ պետի առաջին տեղակալն ու կարևորել դատապարտյալների զբաղվածությանն ուղղված միջոցառումների շարունակականության ապահովումը։

Շախմատի առցանց միջազգային մրցաշարում Հայաստանի դատապարտյալների հավաքականը զբաղեցրել է պատվավոր երրորդ հորիզոնականը։ Առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը։

Մրցաշարի արդյունքների ամփոփմանը ներկա ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը շնորհակալություն է հայտնել դատապարտյալներին մասնակցության համար ու շնորհավորել արժանի հաղթանակի համար։

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 13-14-ը կմասնակցի նաև «Բանտարկյալների համար» միջմայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը։