Ամուսնության գրանցման համար պետական տուրք չի գանձվի. բարեփոխումներ ծառայությունների ոլորտում

17/05/2021

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարությունն արմատական բարեփոխում է իրականացնում, որի արդյունքում կթվայնացվեն Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունները, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով համակարգային ձևով փոխվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ինչպես նաև ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունները:

«Մասնավորապես, ամբողջությամբ փոխվել է պետական տուրքի համակարգը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետտուրքի վճարումից ազատվում են կենսաթոշակառուները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք, ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։ Այս խմբերը ազատված են լինելու ՔԿԱԳ բոլոր ծառայություններից օգտվելու համար նախատեսված տուրքերից»,- ասաց Վահե Դանիելյանը:

Որոշ ծառայությունների համար, Վահե Դանիելյանի խոսքով, տուրքերն ընդհանրապես հանել են: Օրինակ, ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար այլևս պետական տուրք չի պահանջվի:

 «Միաժամանակ կրճատել ենք մատուցվող ծառայությունների հետ կապված ժամկետները: Դա արել ենք, որ քաղաքացիների համար կյանքը շատ ավելի հեշտ լինի: Օրինակ, անվան փոփոխության համար մինչև 5 ամիս տևող ժամկետը կրճատել ենք՝ հասցնելով 15 աշխատանքային օրվա: Մեր քաղաքացիները քաշքշուկների մեջ են ընկել, երբ փորձել են անվան, ծննդյան թվի հետ կապված սխալը շտկել: Հիմա նման սխալները շտկելու համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր»,- ասաց նախարարի տեղակալը:

Վահե Դանիելյանը նկատեց, որ այս կատարվող քայլերը կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Օրինակ, անվան փոփոխության հետ կապված՝ քաղաքացին պետք է տարածքային մարմին ներկայացներ դիմում՝ հիմնավորելով, թե ինչու է դա անում:

«Պետք է հիմնավորեր, որ անունը ոչ բարհունչ է: Դրանից բացի, դա կախված էր ՔԿԱԳ-ի պետից: Մեր կարծիքով, նման կարգավորումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, քանի որ դա թողնված է պետական պաշտոնիայի հայեցողությանը: Այսինքն՝ նա պետք է որոշի քաղաքացու անվան փոփոփոխությունը հարգելի է, թե ոչ: Հիմա այդ գնահատողական հիմքերը հանվել են: Դրանից բացի, քաղաքացուց դիմում ընդունողն այլ մարդ է լինելու, որոշում կայացնողը՝ այլ: Դիմում ընդունողը որոշում չի կայացնելու: Քաղաքացին անգամ չի իմանա, թե ով է որոշում կայացնողը»,- ասաց նախարարի տեղակալը: 

Այս բոլոր նշված բարեփոխումները ուժի մեջ են մտել մայիսի 16-ից:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: