Արդարադատության փոխնախարարը միջազգային գործընկերներին ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները
21/05/2021
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին մասնակցել է «Խթանելով բարեվարքության բարեփոխումների օրակարգերն Արևելյան գործընկերությունում» ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի բարձր մակարդակի հանդիպմանը: Ծրագիրը համատեղ իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության և Բաց կառավարման գործընկերության կողմից:
Փոխնախարար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին միջոցառման հրավերի համար և ներկայացրել հակակառուպցիոն ոլորտում Հայաստանի կառավարության գրանցած ինստիտուցիոնալ հաջողությունները, որոնք արձանագրվել են 2019 թվականին ընդունված Հակակոռուպցիոն բարեփոխումների հավակնոտ ռազմավարության մեկնարկից հետո
Արձանագրված հաջողություններից նախարարի առաջին տեղակալն առանձնացրել է հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը, դատարաններում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերջին երեք տարիների ընթացքում վերականգնված գումարի չափը (100 մլն եվրո, այն դեպքում, երբ նախորդ ինը տարիների ընթացքում 3 անգամ պակաս միջոցների վերականգնում է արձանագրվել համանման գործերով), դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգման, ինչպես նաև դատավորների գույքային դրության ստուգման համար ներդրված մեխանիզմները, որոնք, փոխնախարարի խոսքով, թեև 12 ամիս է, ինչ կիրառվում են, սակայն ապացուցում են դրանց արդյունավետ և հավասարակշռված բնույթը։ Այդուհանդերձ, Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ Կառավարության ռազմավարական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումն ու կոռուպցիոն դեպքերի կանխարգելման, հետաքննության և դատաքննությամբ զբաղվող ուժեղ և անկախ ինստիտուտների ստեղծումն է։ Այդ համատեքստում փոխնախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ գործում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այս տարեվերջին կգործի Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ 2022 թվականից՝ հակակոռուպցիոն դատարանը: «Միևնույն ժամանակ, Գլխավոր դատախազությունում ստեղծել ենք մասնագիտացված վարչություն, որը զբաղվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով»,- նշել է փոխնախարարը և կարևորել «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքները, համաձայն որոնց, Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում իր վարկանիշը բարելավել է 14 կետով։
Ամփոփելով՝ Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու, իսկ դրան հասնելու ճանապարհին կարևոր է նաև առողջ և կենսունակ քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։