Ռուստամ Բադասյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցությանն ուղղված հարցերի լայն շրջանակ

25/05/2021

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, այլք։

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով Մարտինա Շմիդտին նշանակման կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ավանդաբար Արդարադատության նախարարություն - ԵԽ երևանյան գրասենյակ համագործակցությունը եղել է գերազանց, իսկ փոխգործակցության լավագույն օրինակներից է համարել նաև Հայաստան - ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ գործընկերությունը։

Վերենա Թեյլորը շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին հանդիպման համար և, գնահատականի հետ համակարծիք լինելով, նշել, որ Արդարադատության նախարարություն - ԵԽ երևանյան գրասենյակ համագործակցությունը սերտ է, կառուցողական ու բաց։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել դատաիրավական բարեփոխումների կենսագործման, Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով փոխգործակցության զարգացմանը։