Կայացել է Հայաստան-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով 11-րդ ենթակոմիտեի նիստը
27/05/2021
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել Հայաստան - ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով 11-րդ ենթակոմիտեի հեռավար նիստը:
ԵՄ կողմից նիստին մասնակցել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ԵՄ Հանձնաժողովի և պատվիրակության այլ ներկայացուցիչներ, իսկ հայկական կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, Արտաքին գործերի նախարարության, Կենտրոնական բանկի, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության ներկայացուցիչներ:
Բացման խոսքում փոխնախարար Գրիգորյանը, նախքան հանդիպման օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումների դատապարտելի գործողություններին, որոնց արդյունքում սպանվել է մեկ և առևանգվել վեց հայ զինծառայող։
Անցնելով նիստի օրակարգին՝ Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստան - ԵՄ համագործակցության շրջանակում Հայաստանը հավատարիմ է իր ստանձնած հանձնառությանը ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Փոխնախարարը նշել է, որ, չնայած նախորդ տարվա մարտահրավերներին, Կառավարությունն ակտիվորեն շարունակում է իրագործել դատաիրավական, հակակոռուպցիոն, իրավապահ և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում 2019 թվականին նախանշած բարեփոխումները: Որպես համագործակցության խթան՝ Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նաև ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջությամբ ուժի մեջ մտնելը և դրանով պայմանավորված՝ համագործակցության հետագա խորացման հնարավորությունները:
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան համագործակցության մակարդակը և հույս հայտնել, որ բարեփոխումների օրակարգի իրականացումը կշարունակվի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Դեսպան Վիկտորինը հատկապես բարձր է գնահատել Արդարադատության նախարարության դերը ոլորտային բարեփոխումների օրակարգն անշեղորեն առաջ տանելու հարցում և հետագա աջակցության պատրաստակամություն հայտնել։
Հաջորդիվ, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը գործընկերներին ներկայացրել է իրականացվող դատական բարեփոխումների օրակարգը, ներառյալ՝ էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ Արդարադատության նախարարության հետ ձևավորված համագործակցության բարձր մակարդակը հնարավորություն է տալիս ոչ միայն իրականացնել նախանշած բարեփոխումների ծրագիրը, այլ նաև մշտադիտարկել դրա արդյունավետությունն ու զարգացնել այն:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն իր հերթին նշել է, որ 2019-2020 թվականներին հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում մտել է որակական նոր փուլ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազի տեղակալն անդրադարձել է Գլխավոր դատախազության համակարգում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցվածքային ստորաբաժանման ստեղծմանը, դատախազների նշանակման գործընթացին և ստորաբաժանման գործունեության ամփոփ արդյունքներին: Սրբուհի Գալյանը Վարչության գործունեության արդյունավետության համատեքստում ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը:
Հաջորդիվ՝ նիստին անդրադարձ է եղել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեությանը, ինչպես նաև Ոստիկանության բարեփոխումներին, մարդկանց թրաֆիգինգի դեմ պայքարին, կիբերհանցագործության դեմ պայքարին, վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի իրականացմանը և այլն։