Ծառայողական քննություն՝ հարկադիր կատարողի կողմից պաշտոնական դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի կապակցությամբ
15/06/2021
Արդարադատության նախարարությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված «Շահեն Մեղրյանի եղբորորդուն ստիպել են աշխատանքից ազատվել, քանի որ հայրը «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է» և «Մեղրյանների ընտանիքը Կոտայքում լծված է Քոչարյանի քարոզարշավին» վերտառությամբ երկու հոդվածների վերաբերյալ ստացված հարցումների՝ պարզաբանում է․
ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ Ֆրիդոն Մեղրյանը 12․06․2021 թվականին դիմել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին իրեն պաշտոնից ազատելու խնդրանքով՝ որպես հիմնավորում նշելով այն հանգամանքը, որ իրեն հորդորում են իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, քանի որ իր հայրը ներգրավված է գործող իշխանությունների դեմ «ակտիվ նախընտրական պայքարի մեջ»։ Դիմումին ընթացք չի տրվել։
Զանգվածային լրատվության միջոցներում և Ֆ․Մեղրյանի դիմումում նշված վերոգրյալ հանգամանքների պարզման նպատակով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի կողմից 15․06․2021 թվականին նշանակվել է ծառայողական քննություն՝ պաշտոնական դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի կապակցությամբ։
Միաժամանակ, նկատի ունենալով ենթակայական հարաբերությունները, որոնց պայմաններում կարող է խոչընդոտվել ծառայողական քննության անցկացումը, ՀԿԱԾ Կոտայքի մարզային բաժնի պետի լիազորությունները ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել են։