ՔԿԱԳ ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Գործակալության նոր պետին
25/09/2021
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուքների, բավարարված և գոհ պետք է հեռանա Գործակալությունից՝ առանց ավել րոպե կամ դրամ ծախսելու։
ՔԿԱԳ գործակալության աշխատակիցներին այս հանձնարարականն է այսօր տվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Գործակալության նորանշանակ պետ Արտաշես Խալաթյանին ներկայացնելիս։
Նախարար Անդրեասյանը շնորհավորել է Գործակալության պետին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Արտաշես Խալաթյանն իր իրավաբանական հարուստ փորձառությունն ու արհեստավարժությունը կներդնի ոլորտում մեկնարկած բարեփոխումներին նոր թափ հաղորդելու և օրենսդրական լուծումներով կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառելու ուղղությամբ։
Անդրադառնալով ոլորտում հատկապես վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանին և, դիմելով, աշխատակիցներին, ընդգծել, որ համատեղ ուժերով քաղաքացիների համար կստեղծեն հանրային ծառայութունները ավելի բարձր որակով մատուցող Միասնական գրասենյակներ։
Արտաշես Խալաթյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր համար պատիվ է Նախարարության աշխատակազմին միանալ այս փուլում՝ մեկնարկած բարեփոխումներին նոր որակ հաղորդելու հստակ առաքելությամբ։