Հայ դատապարտյալները մասնակցում են շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը․ Կարեն Անդրեասյանը հետևել է խաղին
13/10/2021
«Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը, որին մասնակցում են 31 երկրների 43 թիմեր, Հայաստանը ներկայացնում են «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում պահվող չորս դատապարտյալները՝ Ռոբերտ Սարգսյանը, Նարեկ Հովակիմյանը, Իգիթ Գրիգորյանն ու Արմեն Գորոյանը։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի և ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հետ մասնակցել է Առաջնության բացման արարողությանը, իսկ մինչ խաղի մեկնարկը զրուցել դատապարտյալների հետ ու հաջողություն մաղթել մրցապայքարում։
Լրագրողների հետ զրույցում նախարար Անդրեասյանը նշել է, որ սա բացառիկ օրինակ է, երբ ազատազրկված մարդիկ կարողանում են իրենց վերադարձը՝ դեպի հասարակություն, իրագործել շախմատի միջոցով։ «Շախմատը կապում է աշխարհի բոլոր մարդկանց, այն սպորտ է, արվեստ է, շախմատը նաև մեր Հայաստանի հպարտությունն է, և այս առաջնությունում մեր հաղթանակը, թեկուզ խորհրդանշական, բայց շատ կարևոր կլինի մեր թիմի, մեր պետության համար»,- ասել է Կարեն Անդրեասյանը և ընդգծել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը։
Նախարարը միջոցառմանը ներկայացել էր Իտալիայի արդարադատության նախարարի նվիրած փողկապով, որը իտալացի դատապարտյալների ձեռքի աշխատանքն էր։ «Իտալիան ամեն ինչ անում է, որպեսզի դատապարտված մարդիկ ո՛չ թե մեկուսանան, ո՛չ թե մոռացվեն հասարակության կողմից, այլ իրենք գտնեն իրենց ճանապարհը հետ՝ դեպի ընտանիք, դեպի հասարակություն, դեպի իրենց պետություն: Այսօր մենք նաև շախմատի միջոցով ենք փորձում հասնել այդ նպատակին, որի համար շնորհակալություն եմ հայտնում անձամբ պարոն Լպուտյանին և Հայաստանի շախմատի ակադեմիային»,- նշել է Կարեն Անդրեասյանը:
Ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը աշխարհի առաջին առաջնությունը՝ օնլայն հարթակում, համարել է մեծ իրադարձություն և ընդգծել, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մեծ ուշադրությամբ է հետևում այս մրցաշարին։ Նա նաև տեղեկացրել է, որ շուրջ վեց ամիս դատապարտյալների հետ իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ և, այդ համատեքստում շնորհակալություն է հայտնել Նախարարությանն ու Քրեակատարողական ծառայությանը՝ անխոչընդոտ ու արդյունավետ համագործակցության համար։
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը հաջողություն է մաղթել հայ դատապարտյալներին և շնորհակալական խոսք ուղղել Ակադեմիայի նախագահին՝ համաշխարհային նման իրադարձությանը հայ դատապարտյալներին մասնակից դարձնելու համար։ Սերգեյ Ատոմյանը ևս կարևորել է ՔԿՀ-ներում պահվող անձանց զբաղվածության ապահովումն ու նշել, որ նպատակը աշխատանքի, մշակութային, սպորտային, հոգևոր և այլ զբաղվածության միջոցով դատապարտյալներին հնարավորինս շուտ սոցիալական միջավայր վերադարձնելն է:
Տեղեկացնենք, որ Շախմատի աշխարհի առաջնության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ին։
Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի մայիսի 11-ին կայացած «Շախմատ հանուն ազատության» միջազգային ցուցադրական մրցաշարում Հայաստանի դատապարտյալների հավաքականը զբաղեցրել է պատվավոր երրորդ հորիզոնականը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների հետ պայքարում։