Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

13/10/2021

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության Համագործակցության և արտաքին կապերի բաժնի ղեկավար Դմիտրի Մարչենկովի և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կոնգրեսի կողմից Հայաստանում 2019 թվականից իրականացվող տեղական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրին և բաց կառավարման սկզբունքի կիրառմանն առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարար Գրիգորյանը, ողջունելով գործընկերներին, իր խոսքում վերահաստատել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը եղել և մնում է Կառավարության գործունեության առաջնահերթություններում և ներկայացրել  Արդարադատության նախարարության կողմից իրականացվող Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող գործողությունները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային գործընկերների կողմից մշակված տեղական մակարդակում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման գործիքի կիրառմանը և դրա արդյունավետությանը, ինչպես նաև քննարկվել են ազգային և տեղական մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարի խթանմանն ուղղված այլ հարցեր՝ հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով:

Հանդիպման ավարտին կողմերը սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել և աշխատանքային հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: