Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ․ Կարեն Անդրեասյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը մանրամասներ են քննարկել
22/10/2021
Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին համահունչ։ Այս մասին պայմանավորվել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ Նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Շվեդիայի դեսպան Սվենսոնը շնորհավորել է նախարար Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և քննարկման ընթացքում անդրադարձել համագործակցության հիմնական ուղղություններին՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։
Կարեն Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է Նախարարության բարեփոխումների օրակարգն ու դրա առաջնահերթությունները։
Դեսպանը կարևորել է 2019թ-ին Հայաստանի և Շվեդիայի միջև վերսկսված երկկողմ համագործակցության շարունակականության ապահովումն ու անդրադարձել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: