Մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» ուսումնական դասընթացի ծրագիրը

09/11/2021

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ նոյեմբերի 8-ին մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» 5-օրյա ուսումնական դասընթացի ծրագիրը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Միջոցառմանը մասնակցոել են նաև Ոստիկանության, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև Պարեկային ծառայության, Ոստիկանության կրթահամալիրի և Ոստիկանության կին ծառայողները:

Ողջույնի խոսքում փոխնախարարը, ներկայացնելով ամփոփ վիճակագրություն օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերում կանանց ներգրավվածության վերաբերյալ, ընդգծել է, որ գենդերային զգայունության մոտեցումները, չսահմանափակվելով միայն քվոտաներով, պետք է կիրառվեն բոլոր ոլորտներում։ Միաժամանակ հավելել է, որ կարիերայում կանանց ակտիվության մասին խոսակցությունը բնավ ձևական կողմի մասին չէ, այլև իմաստալից մասնակցության, որի հիմքը արժանիքների վրա հիմնված առաջխաղացումն է:

Վերոնշյալի համատեքստում, փոխնախարար Գրիգորյանն անդրադարձել է Պարեկային ծառայության ներդրման ընթացքում ծառայողների ընտրության մրցույթում կանանց 30 տոկոս մրցութային տեղերի սահմանման Կառավարության մոտեցմանը՝ նշելով, որ Ոստիկանության կրթահամալիրի լավագույն առաջադիմությունն ունեցող ուսանողների անվանատախտակում 80 տոկոսից ավելին կանայք և աղջիկներ են, սակայն կարիերայի հետագա՝ ավելի բարձր աստիճաններում, նրանք այդ ինտենսիվությամբ ներկայացված չեն ծառայության բարձր պաշտոններում: Այդուհանդերձ, փոխնախարարը փաստել է, որ թեև արդյունքը հեռու է սպասված լինելուց, բայց վստահություն է հայտնել, որ գործադրվող ջանքերի շնորհիվ, ծառայության ներդրման առաջին փուլին զուգընթաց, կաճի նաև կանանց ներգրավվածության համամասնությունը:

Իր խոսքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին կարևորել է այն արժեքներն ու հեռանկարները, որոնք կանայք բերում են ցանկացած ոլորտում, այդ թվում՝ իրավապահ համակարգում, ինչպես նաև ընդգծել է աշխատավայրում հավասարության անհրաժեշտությունը։

Ամփոփելով՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը նախաձեռնության համար և հաջողություն է մաղթել կին ծառայողներին: Արդարադատության նախարարության անունից ամբողջական աջակցություն հայտնելով նման նախաձեռնություններին՝ միաժամանակ ընդգծել է, որ սեռով պայմանավորված լավ ու վատ ոստիկաններ չկան և հորդորել է կանանց լինել համարձակ ու ակտիվ: