Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջանահերթ խնդիրներից է․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչներին

07/12/2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներին:

Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և  գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։

Կարեն Անդրեասյանն այնուհետև ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման,  Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։

ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանը անդրադարձել է նաև նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններին, առանձնակի կարևորելով գործընթացի թափանցիկությունը։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին համագործակցության համար։ Շմիդտը ընդգծել է, որ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրն ավարտին է մոտենում 2022թ․-ին, և կարևորել է 2023-2026թթ․-ի ծրագրի նախագծումը, որի շրջանակներում նախաձեռնելու են այնպիսի գործողություններ, որոնք կաջակցեն նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը։

Գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետասդոտտիրը ներկայացրել է արդարադատության ոլորտում ԵԽ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, ընդգծելով համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը։ Ծրագրերի բաժնի ղեկավարը շեշտել է համագործակցությունը խորացնելու ԵԽ պատրաստակամության մասին, որի մասին  վկայում է նաև այն փաստը, որ COVID 19-ի սահմանափակումների պարագայում ԵԽ քարտուղարությունը նախաձեռնել է այս կարևոր առաքելությունը Հայաստան։

Հանդիպման ընթացքում ԵԽ Գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ղեկավար Պավլո Պուշկարը առանձնացրել է  ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։ Քննարկվել է՝  «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» , «Գուրգեն Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի»  գործերով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը, և  դրանցում առկա խնդիրները, որոնք մասամբ լուծում են ստացել նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունմամբ։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ ընտանիքում  բռնության դեմ պայքարի ոլորտում։ Պատվիրակության անդամները շնորհակալություն են  հայտնել նախարարին համագործակցության համար, և այն առավել խորացնելու պատրաստակամություն ցուցաբերել։