Երեխաների մասնակցությունը հանրային քաղաքականության մշակմանը և իրականացմանը
20/12/2021
Երևանում և մարզերում բնակվող երեխաների մասնակցությամբ տեղի ունեցավ «Երեխաների մասնակցությունը հանրային քաղաքականության մշակմանը և իրականացմանը» խորագրով միջոցառումը:
Երեխաների հետ իրավունքների պաշտպանության և իրացման վերաբերյալ զրուցեցին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը, ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը և Իմփակտ ինովացիաների ինստիտուտի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում կարևորեց երեխաների իրավունքների իրացումը, լսելիությունը, ռազմավարությունների մշակման գործընթացում ներգրավածության ապահովումը: Վիկտորյա Օհանյանն իր խոսքում նշեց, որ երեխայի ձայնը պետք է լսելի լինի, որին առավել քիչ է ուշադրություն դարձվում:
Միջոցառման ընթացքում երեխաների կողմից վեր հանվեցին կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքի, մարզերում կրթական, մշակութային, սպորտային հաստատությունների հասանելիության, ԿՈՎԻԴ-19 համավարակի պատճառով դպրոցներում ճաշարանների փակվելուց հետո առաջացած ընդմիջումների կազմակերպման դժվարությունների, ինչպես նաև դպրոցներում խտրական վերաբերունքի վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ընթացքում երեխաները տարբեր ոլորտների վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղեցին որոշում կայացնող մարմինների ներկայացուցիչներին:
Միջոցառման վերջում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տեղակալ Գայանե Հովակիմյանը ամփոփեց երեխաների կարծիքները:
Միջոցառման ավարտին երեխաները ստացան նվերներ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից: