Բարդ բանակցությունների արդյունքում պետությանն են հանձնվել էլեկտրոնային արդարադատության E-Justice համակարգի բացառիկ գույքային իրավունքները

14/01/2022

Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին  «Մեյսիս Ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը հանձնեց պետական կարիքների համար համակարգչային ծրագրի բանալի կոդերը (source codes), ինչպես նաև գրաֆիկական, ձայնային տարրերի, տվյալների բազաների, համակարգչային ծրագրերի ստեղծման համար անհրաժեշտ նախապատրաստական նյութերը։Այսպիսով, արդարադատության նախարարությունը ձեռք է բերում բացառիկ գույքային իրավունքներ՝ Էլեկտրոնային արդարադատության E-Justice համակարգը արդյունավետ կառուցելու համար։

Դեռևս 2018թ․-ին կնքվել էր պայմանագիր, սակայն պետությանը սեփականության իրավունքով չէին տրամադրվել ծրագրային կոդերը, ինչի պատճառով հնարավոր չէր ինքնուրույն զարգացնել E-Justice ծրագիրը։ ՀՀ Արդարադատության նախարարի խորհրդական Անի Մխիթարյանի ջանքերի շնորհիվ ամիսներ շարունակ տևած բանակցություններն արդյունք տվեցին։
Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում «Մեյսիս Ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության կողմից ծրագրային ապահովման ամբողջական գործիքակազմի փոխանցումը պետությանը, որի հիման վրա արդեն իսկ կազմակերպվում են քաղաքացիական և վարչական գործերով էլեկտրոնային համակարգերի մշակման և ներդրման աշխատանքները։ Սա պետություն-մասնավոր բիզնես կայուն և փոխվստահելի համագործակցության լավագույն օրինակն է։