Ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքում պետությունն անցյալ տարի ստացել է 600մլն․ դրամի շահույթ. Արդարադատության նախարար (լուսանկարներ, տեսանյութ)

21/01/2022

Հարկադիր կատարումն ապահովող Ծառայության վարչական շենքում Ծառայության ղեկավար կազմի և սպայական անձնակազմի մասնակցությամբ այսօր՝ հունվարի 21-ին, տեղի է ունեցել Ծառայության 2021 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին ներկա է եղել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Միջոցառման սկզբում ներկայացվել է հաշվետու ժամանակահատվածում Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալների, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական գործողությունների ցուցանիշները։

Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է մոտ մեկ միլիոն կատարողական վարույթով: 2021թ. ընթացքում պետբյուջեի, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտնին բռնագանձվել է ավելի քան 42միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 26%-ով:

Տարեկան ամփոփիչ խորհրդակցութան ժամանակ առանձնահատուկ կարևորվել է տեխնոլոգիական նորագույն գործիքների կիրառմամբ կատարողական վարույթներին առնչվող տեղեկատվության մատչելիության ապահովումն ու քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների որակի շարունակական բարձրացումը։   Քննարկվել են նաև Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը և կատարողական ցուցանիշների բարելավմանն ուղղված հիմնական միջոցառումները։ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատելի խախտումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ։

Տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ գխավոր հարկադիր կատարողի հրամաններով խրախուսվել են Ծառայության մի շարք աշխատակիցներ։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ տարեկան գործունեության ցուցանիշներով ընտրվել են լավագույն բաժինները։

Հաշվետու խորհրդակցությանը հաջորդել է նորանշանակ 8 հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Տեսանյութը՝ այստեղ