Նախատեսվում է ստեղծել Արդարադատության տներ, որոնցում կամփոփվի հանրային ծառայությունների ամբողջ համալիրը․ ՔԿԱԳ գործակալության պետ
25/01/2022
ՔԿԱԳ գործակալության պետ Արտաշես Խալաթյանի հարցազրույցը՝ Civic.am լրատվական կայքին․
«Երկրում բնակչությանը բարձրորակ հանրային ծառայություն մատուցելու տեսլականով պայմանավորված՝ տեղի են ունենում լայնածավալ բարեփոխումներ։ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ խնդիր է դրված՝ արդիականացնել բնակչությանը մատուցվող հանրային ծառայությունների համակարգը, բարձրացնել այդ համակարգի որակը և այն դարձնել քաղաքացիակենտրոն»,-այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Արտաշես Խալաթյանը։
Նրա խոսքով՝ դա, մասնավորապես, ենթադրում է մեկ պատուհանի սկզբունքի կիրառումը, երբ հիմնական հանրային ծառայությունները պետք է մեկտեղվեն մեկ վայրում, յուրաքանաչյուր խոշոր բնակավայրում, յուրաքանչյուր վարչական միավորում պետք է լինեն այնպիսի սպասարկման կենտրոններ, որոնք կներառեն բնակչությանը ծառայություն մատուցող հիմնական պետական գործառույթները՝ ռեգիստր, կադաստր, քաղաքացիական կացության ակտերի գրանցում, ոստիկանության անձնագրերի և վիզաների ստորաբաժանում և այլն։
Արտաշես Խալաթյանը տեղեկացրեց, որ այս համատեքստում, ներկայումս Արդարադատության նախարարության կողմից իրականացվում են գործնական քայլեր, որոնք թույլ կտան կյանքի կոչել այս կոնցեպտը․ մասնավորապես, ՔԿԱԳ գործակալության համակարգում տեղի են ունեցել հետևյալ կարևորագույն փոփոխությունները՝ այսուհետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման հարցերով վերջնական որոշման ընդունման գործառույթը կենտրոնացել է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում, իսկ տարածքային ՔԿԱԳ բաժինները վերածվել են միայն դիմումներ ընդունող սպասարկման կենտրոնների, որոնք քաղաքացիներին տրամադրում են խորհրդատվություն, ստացված դիմումներն ուղարկում են Արդարադատության նախարարություն և այնտեղ կայացված որոշման հիման վրա քաղաքացիներին տրամադրում են համապատասխան վկայականները։
«Դա թույլ է տալիս մի կողմից բավականին լուրջ հակակոռուպցիոն բարձիկներ ստեղծել, որովհետև այս ամբողջ համակարգը որոշումների ընդունման գործընթացի կենտրոնացման շնորհիվ՝ ավելի արդյունավետ է վերահսկվում, իսկ մյուս կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկումն իրենից ներկայացնում է ծառայության տեսակ՝ ոլորտը գնում է որոշակի ապակենտրոնացման․ հանրությանը նշյալ ծառայությունը մատուցում են ինչպես Արդարադատության նախարարության ՔԿԱԳ սպասարկման կենտրոնները, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում գործող ստորաբաժանումները, ինչպես նաև մասնավոր սուբյեկտներ, օրինակ՝ «Հայփոստը», որոշ բանկեր, ծնունդների և մահերի գրանցման մասով շուտով այդ գործառույթն իրականացնելու են նաև հիվանդանոցները։ Ստացվում է, որ քաղաքացիներն ունեն ընտրելու հնարավորություն՝ ում դիմել ՔԿԱԳ ոլորտում ծառայություններ ստանալու նպատակով։ Այսինքն՝ այստեղ նաև հանրային ծառայության մատչելիությունն է մեծանում, առաջանում է մրցակցություն, որը դրական ազդեցություն է ունենալու մատուցվող ծառայությունների որակի և գների, ինչպես նաև տնտեսական ակտիվության վրա»,-ասաց Արտաշես Խալաթյանը։
Նա նշեց, որ տեղի է ունենում նաև ՔԱԿԳ ոլորտի հանրային ծառայությունների թվայնացման և տեխնիկական վերազինման գործընթաց, որի արդյունքում քաղաքացիներին առաջարկվոմ են նաև դիմումների ուղարկման և համապատասխան փաստաթղթերի ստացման թվային գործիքներ։
Մեր զրուցակցի խոսքով՝ ընդհանուր առմամբ, Արդարադատության նախարարության տեսլականն է՝ ստեղծել Վրաստանի մոդելով Արդարադատության տներ, որոնք կլինեն արդեն համընդգրկուն, իրենցում կամփոփեն ոչ միայն նշյալ հանրային ծառայությունները, այլև հանրային ծառայությունների ամբողջ համալիրը, երբ քաղաքացին, մտնելով Արդարադատության տուն՝ կկարողանա իր համար անհրաժեշտ, պետության հետ կապված մի քանի գործարք միանգամից ավարտել`պարզապես մոտենալով մեկ պատուհանից մեկ այլ պատուհանի։