Փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկա է եղել քրեակատարողական ծառայության 2021 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփման նիստին
31/01/2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում հունվարի 31-ին Ծառայության ղեկավար անձնակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերի մասնակցությամբ կայացել է Ծառայության՝ 2021 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփման նիստը, որին ներկա է եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը նախ շնորհավորել է արդարադատության նորանշանակ տեղակալ Արփինե Սարգսյանին պաշտոնին նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:
Այնուհետև ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում Քրեակատարողական ծառայության համակարգում իրականացված աշխատանքների թվային համեմատական տվյալները, ինչպես նաև համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերն ու օրենսդրական նախաձեռնությունները:
Հաշվետու զեկույցի արդյունքներով Ծառայության պետը տվել է հասցեական հանձնարարականներ՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի նույն ժամանակաշրջանում կարձանագրվի առավել գոհացուցիչ պատկեր և΄ ազատազրկված անձանց, և΄ հանրության, և΄ հենց քրեակատարողական ծառայողների համար: Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել նաև արդարադատության նախարարությանը՝ ի դեմս նախարար Կարեն Անդրեասյանի և փոխնախարար Արփինե Սարգսյանի՝ համակարգին մշտապես պատրաստակամորեն աջակցելու համար:
Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին, առանձնահատուկ շեշտել է, որ ընթացիկ տարում թիրախում պետք է պահել հատկապես ազատազրկված անձանց և աշխատակիցների համար շենքային պայմանների բարելավման գործընթացը, դատապարտյալների զբաղվածության կայուն ապահովումը, քրեակատարողական հիմնարկների ինժեներատեխնիկական հագեցվածության խնդիրները, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի շարունակականության ապահովումը։
Նիստի ավարտին Ծառայության պետը 2021 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար մի շարք ծառայողների պարգևատրել է «10 տարի անբասիր ծառայության համար», «15 տարի անբասիր ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշաններով, մի խումբ ծառայողների նկատմամբ էլ կիրառվել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակը: