Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում՝ դատաիրավական բարեփոխումների թեմայով
18/03/2022
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 18-ին, տեղի է ունեցել քննարկում՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված և թերի կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում և դատական իշխանությունում առկա խնդիրների վերաբերյալ այն նկատառումները և առաջարկությունները, որոնք ներկայացվել են տարբեր շահագրգիռ անձանց կողմից:
«Միջոցառումը նպատակ ունի հավաքագրելու բոլոր այն խնդիրներն ու մտահոգությունները, որոնք հուզում են մեր հասարակությանը»,- քննարկման ժամանակ նշեց Գրիգոր Մինասյանը:
Դատաիրավական բարեփոխումների ողջ ընթացքն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում:
«Արդարադատության միասնական էլեկտրոնային համակարգի մշակումը միշտ եղել է Կառավարության առաջնահերթություններից: Այս ընթացքում տարբեր աշխատանքներ են իրականացվել, բայց դեռ կան շատ անելիքներ միասնական E-justice էլեկտրոնային հարթակի մշակման և գործարկման ուղղությամբ: Այն իր մեջ պետք է միավորի արդարադատության ոլորտի թվայնացման բոլոր գործընթացները»,- քննարկմանը նշեց Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի» տնօրեն Տիգրան Դադունցը:
Քննարկմանը ներկայացվեցին ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ ռազմավարական 14 նպատակները, որոնք արտացոլում են դատաիրավական ոլորտում Կառավարության առաջնահերթությունները։
Առաջիկայում նախատեսվում է իրականացնել նաև ոլորտային քննարկումներ, որոնց կմասնակցեն շահագրգիռ կողմերը։