Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում կայացած հանդիպման առանցքում են դատաիրավական բարեփոխումների ընթացքը, կոռուպցիայի դեմ պայքարը և արդարադատության համակարգի այլ բարեփոխումները:

31/03/2022

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում կայացած հանդիպման առանցքում են դատաիրավական բարեփոխումների ընթացքը, կոռուպցիայի դեմ պայքարը և արդարադատության համակարգի այլ բարեփոխումները:
  
Այսօր՝ մարտի 31-ին, տեղի է ունեցել ռազմավարական երկխոսություն՝ ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) գրասենյակի աշխատակիցների և ՀՀ արդարադատության ոլորտի աշխատանքային խմբի միջև: Առցանց հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալները՝ Երանուհի Թումանյանցը, Արփինե Սարգսյանը, Գրիգոր Մինասյանը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և այլ պաշտոնյաներ:
  
Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալները ներկայացրել են դատավորների բարեվարքության ստուգման հանդեպ ռազմավարական մոտեցումները, խոսել ոստիկանության բարեփոխումների ռազմավարության իրականացման ընթացքի մասին և ներկայացրել դատաիրավական բարեփոխումների ընթացքին վերաբերող որոշ տեղեկություններ:
  
Ներկայացվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի երկարամյա համագործակցությունը ամերիկացի գործընկերների հետ, ինչպես նաև բազմաշերտ գործունեությանը և կայունության ապահովմանը վերաբերող տեղեկություններ:
 
Քննարկման ավարտին կողմերի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունը շարունակելու և առավել արդյունավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:
Հավելենք, որ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը մեկնարկել է 2019 թվականի մայիսին Երևանում անցկացված անդրանիկ նիստով: