Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է շարունակել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում աջակցել արդարադատության նախարարությանը
07/04/2022
Տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների 5-րդ հանդիպումը։
Հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և երկու ծրագրերի համակարգող Նինո Գոբրոնիձեն։
Ողջույնի խոսքում Մարտին Շմիդտը կարևորել է երկու ծրագրերով ունեցած ձեռքբերումները և նշել, որ 2023-2026 թվականների Եվրոպայի Խորհրդի գործողությունների ծրագրի շրջանակներում ևս դիտարկվում է բանտային բժշկության և պրոբացիայի ոլորտների բարեփոխումների հետագա շարունակականությանը վերաբերող միջոցառումների նախատեսումը:
Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվորպայի խորհրդին, ի դեմս գրասենյակի ղեկավարի` Մարտինա Շմիդտի, ունեցած փայլուն համագործակցության համար` կարևորելով երկու ծրագրերի իրապես մարդու իրավունքների պաշտպանությանը միտված լինելու ասպեկտը:
Միաժամանակ, Սարգսյանը վերահաստատել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու նախարարության պատրաստակամությունը և հույս հայտնել, որ 2023-2026 թվականների Եվրոպայի Խորհրդի գործողությունների ծրագրում կունենան ավելի լայն և ընդգրկուն համագործակցության օրակարգ, ինչը միտված կլինի թե՛ գործող ծրագրերի արդյունքների ամրապնդմանը, թե՛ նոր թիրախների նախանշմանը և հասցեագրմանը:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են երկու ծրագրերի շրջանակում իրականացված գործողությունները, արդյունքներն ու առաջիկա քայլերը։ Այնուհետև հարցուպատասխանի միջոցով համակարգող խորհուրդների անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։
Հատկանշական է, որ ծրագրերը թիրախավորում են մի շարք կարևոր համակարգային լուծում պահանջող հարցեր.
1) Հոգեկան առողջության զննություն
2) Խոշտանգումների կանխարգելում
3) Ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելում
4) Պրոբացիայի ծառայության կարողությունների հզորացում
Վերոնշյալ ծրագրերը ֆինանսավորում են Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թթ․ ծրագրի շրջանակում: