Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

19/04/2022

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը:  

Հանդիպման ընթացքում երկու երկրների արդարադատության նախարարների միջև ստորագրվել է 2022-2023թվականների համագործակցության հուշագիր:  

ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարների միջև տեղի է ունեցել արդարադատության համակարգի թվայնացման վերաբերյալ փորձի փոխանակում: Քննարկվել է երկու երկրների միջև միասնական էլեկտրոնային հարթակ ստեղծելու գաղափարը, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ուղղությամբ իրականացվող ծրագրերը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև վեճերի այլընտրանքային լուծման, անվճար իրավաբանական օգնության տրամադրման, փորձաքննությունների իրականացման ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:  

Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի շուրջ: 

Հանդիպման ավարտին Կոնստանտին Չույչենկոն ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հրավիրել է  Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին, որը  տեղի կունենա սույն թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ը՝ Սանկտ Պետերբուրգում: