Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին հռչակագիր
10/05/2022
Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին հռչակագիր
ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
1992 թվականի դեկտեմբերի 18-ին
Գլխավոր ասամբլեայի 47/133 բանաձեւով
Գլխավոր ասամբլեան,
համարելով, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին եւ այլ միջազգային փաստաթղթերի համապատասխան՝ մարդու ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության եւ նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումն ազատության, արդարության եւ համընդհանուր խաղաղության հիմքն է,
հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, մասնավորապես՝ 55-րդ հոդվածի համաձայն՝ պետությունները պարտավոր են խրախուսել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքը եւ դրանց պահպանումը,
խորապես մտահոգված լինելով այն փաստով, որ շատ երկրներում հաճախ հաստատուն կերպով տեղի են ունենում բռնությամբ անհետացումներ այն իմաստով, որ մարդիկ են ձերբակալվում, կալանավորվում կամ առեւանգվում իրենց կամքին հակառակ կամ այլ կերպ զրկվում ազատությունից կառավարության տարբեր ճյուղերի կամ մակարդակների պաշտոնատար անձանց կողմից կամ կառավարության անունից կամ դրա ուղղակի կամ անուղղակի աջակցությամբ, համաձայնությամբ կամ թույլատվությամբ գործող կազմակերպված խմբերի կամ մասնավոր անձանց կողմից, որին հետեւում է տվյալ անձանց ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը թաքցնելը կամ նրանց ազատազրկման փաստի ժխտումը, որի արդյունքում այդ անձինք հայտնվում են օրենքի պաշտպանությունից դուրս,
համարելով, որ բռնությամբ անհետացմամբ խարխլվում են օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը հավատարիմ ցանկացած հասարակության խորը արժեքները, եւ որ պարբերաբար կատարվող այդպիսի գործողությունները մարդկության դեմ հանցագործության բնույթ են կրում,
վկայակոչելով իր՝ 1978 թվականի դեկտեմբերի 22-ի 33/173 բանաձեւը, որում այն մտահոգություն է հայտնել աշխարհի տարբեր հատվածներից ստացված՝ բռնությամբ կամ հարկադիր անհետացումների մասով հաղորդումների, ինչպես նաեւ այդ անհետացումների պատճառած տանջանքների ու տառապանքների վերաբերյալ եւ կոչ է արել կառավարություններին իրավական պատասխանատվության ենթարկել իրավապահ մարմիններին եւ անվտանգության ուժերին այն զանցանքների համար, որոնք կարող են հանգեցնել անձանց՝ բռնությամբ կամ հարկադիր անհետացման,
վկայակոչելով նաեւ Ժնեւի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներով եւ դրանց՝ 1977 թվականի լրացուցիչ արձանագրություններով զինված հակամարտությունների զոհերին տրամադրված պաշտպանությունը,
հաշվի առնելով մասնավորապես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ինչպես նաեւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի համապատասխան հոդվածները, որոնցով ապահովվում են կյանքի իրավունքի, անձի ազատության եւ անվտանգության իրավունքի, խոշտանգման չենթարկվելու իրավունքի եւ օրենքի առջեւ որպես անձ ճանաչման իրավունքի պաշտպանությունը,
հաշվի առնելով նաեւ Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան, որով նախատեսվում է, որ մասնակից պետությունները պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկեն խոշտանգման գործողությունները կանխելու եւ պատժելու ուղղությամբ,
հաշվի առնելով Իրավապահ մարմինների վարքագծի կանոնները, Իրավապահ մարմինների կողմից ուժի եւ հրազենի կիրառման վերաբերյալ հիմնական սկզբունքները, Հանցագործությունների եւ իշխանության չարաշահման զոհերի հանդեպ արդարադատության հիմնարար սկզբունքների հռչակագիրը եւ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները,
հաստատելով, որ բռնությամբ անհետացման դեպքերը կանխելու համար անհրաժեշտ է ապահովել խիստ համապատասխանություն իր՝ 1988 թվականի դեկտեմբերի 9-ի 43/173 բանաձեւի հավելվածում պարունակվող Որեւէ ձեւով ձերբակալվող կամ կալանավորվող բոլոր անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուին, ինչպես նաեւ Տնտեսական եւ սոցիալական հարցերով խորհրդի 1989 թվականի մայիսի 24-ի 1980/67 բանաձեւի հավելվածում սահմանված եւ Գլխավոր ասամբլեայի կողմից իր՝ 1989 թվականի դեկտեմբերի 15-ի 44/162 բանաձեւում հաստատված՝ Օրենքից դուրս, կամայական եւ ընդհանուր մահապատիժների արդյունավետ կանխման եւ հետաքննման սկզբունքներին,
հաշվի առնելով այն փաստը, որ թեեւ բռնությամբ անհետացմանն առնչվող գործողությունները համարվում են վերոնշյալ միջազգային փաստաթղթերում նշված արգելքի խախտում, այնուամենայնիվ, կարեւոր է մշակել այնպիսի գործիք, որն անձանց՝ բռնությամբ անհետացման բոլոր գործողությունները կբնութագրի որպես շատ լուրջ հանցագործություններ եւ կսահմանի չափորոշիչներ՝ դրանց կատարումը պատժելու եւ կանխելու համար,
1. հռչակում է Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին սույն հռչակագիրը որպես սկզբունքների մի ամբողջություն բոլոր պետությունների համար.
2. կոչ է անում գործադրել բոլոր ջանքերը Հռչակագրի համընդհանուր ճանաչմանն ու պաշտպանությանը հասնելու ուղղությամբ:
Հոդված 1
1. Բռնությամբ անհետացման ցանկացած գործողություն անարգանք է մարդկային արժանապատվության նկատմամբ։ Այն դատապարտվում է որպես Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների ժխտում, ինչպես նաեւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոպիտ ու աղաղակող խախտում, ինչը վերահաստատվել եւ մշակվել է տվյալ ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերում:
2. Բռնությամբ անհետացման ցանկացած գործողություն անհետացման ենթարկված անձանց զրկում է օրենքի պաշտպանությունից եւ ծանր տառապանք պատճառում այդ անձանց եւ նրանց ընտանիքներին։ Այն համարվում է միջազգային իրավունքի նորմերի խախտում, որոնցով երաշխավորվում են, ի թիվս այլնի, օրենքի առջեւ որպես անձ ճանաչման իրավունքը, անձի ազատության եւ անվտանգության իրավունքը, ինչպես նաեւ խոշտանգման եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը: Այն նաեւ խախտում կամ լուրջ վտանգ է ներկայացնում կյանքի իրավունքի համար։
Հոդված 2
1. Ոչ մի պետություն չպետք է կիրառի, թույլատրի կամ հանդուրժի բռնությամբ անհետացումները:
2. Պետությունները պետք է գործեն ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում եւ Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցելով՝ բոլոր միջոցներով բռնությամբ անհետացման կանխարգելմանն ու վերացմանը նպաստելու համար:
Հոդված 3
Յուրաքանչյուր պետություն պետք է ձեռնարկի օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում բռնությամբ անհետացման դեպքերը կանխելու եւ դադարեցնելու համար։
Հոդված 4
1. Բռնությամբ անհետացման բոլոր գործողությունները պետք է քրեական օրենքով սահմանվեն որպես հանցագործություններ, որոնք կպատժվեն համապատասխան պատժամիջոցներով՝ հաշվի առնելով դրանց ծայրահեղ ծանր բնույթը։
2. Ազգային օրենսդրությամբ մեղմացուցիչ հանգամանքներ կարող են սահմանվել այն անձանց համար, ովքեր, բռնությամբ անհետացման գործողություններին մասնակից լինելով հանդերձ, օժանդակում են զոհերի կենդանի վերադարձմանը կամ կամավոր այնպիսի տեղեկատվության տրամադրմանը, որը կնպաստի բռնությամբ անհետացման դեպքերը պարզաբանելուն:
Հոդված 5
Ի հավելումն այդպիսի կիրառելի քրեական պատժամիջոցների՝ քաղաքացիական օրենքով բռնությամբ անհետացման համար պատասխանատվություն է սահմանվում բռնությամբ անհետացում իրականացնող անձանց եւ այդպիսի անհետացումները կազմակերպող, թույլատրող կամ հանդուրժող պետության կամ պետական մարմինների համար՝ չհակասելով միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն տվյալ պետության միջազգային պատասխանատվությանը։
Հոդված 6
1. Պետական մարմնից, քաղաքացուց, զինվորականից կամ այլ անձից հրաման կամ հրահանգ ստանալը չի կարող վկայակոչվել որպես բռնությամբ անհետացման հանցագործության արդարացում: Այդպիսի հրաման կամ հրահանգ ստացող ցանկացած անձ իրավունք եւ պարտականություն ունի չենթարկվելու այդ հրամանին կամ հրահանգին։
2. Յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի, որ արգելվեն բռնությամբ իրականացվող ցանկացած անհետացում ուղղորդող, թույլատրող կամ խրախուսող հրամանները կամ հրահանգները:
3. Իրավապահ մարմինների վերապատրաստման գործընթացում պետք է շեշտադրվեն սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի դրույթները:
Հոդված 7
Ոչ մի հանգամանք, ինչպիսին էլ այն լինի՝ պատերազմի վտանգ կամ պատերազմական դրություն, ներքին քաղաքական անկայունություն կամ ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, չի կարող վկայակոչվել որպես բռնությամբ անհետացման արդարացում։
Հոդված 8
1. Ոչ մի պետություն չպետք է որեւէ անձի արտաքսի, վերադարձնի (refouler) կամ հանձնի մեկ այլ պետության, եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նրան կարող է սպառնալ բռնությամբ անհետացման ենթարկվելու վտանգ։
2. Այդպիսի հիմքերի առկայությունը որոշելու նպատակով իրավասու իշխանությունները նկատի են առնում գործին առնչվող բոլոր հանգամանքները, ներառյալ՝ համապատասխան դեպքերում տվյալ պետությունում մարդու իրավունքների կոպիտ, աղաղակող կամ զանգվածային խախտումների գոյությունը։
Հոդված 9
1. Արագ եւ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ որպես ազատությունից զրկված անձանց գտնվելու վայրի կամ առողջական վիճակի որոշման եւ (կամ) ազատազրկումը պատվիրող կամ իրականացնող մարմնի նույնականացման միջոց, պահանջվում է բոլոր հանգամանքներում, այդ թվում՝ վերոնշյալ 7-րդ հոդվածում նշված հանգամանքներում բռնությամբ անհետացման դեպքերը կանխելու համար:
2. Այդպիսի վարույթներում իրավասու ազգային մարմինները պետք է իրավունք ունենան մուտք գործելու բոլոր այն վայրերը, որտեղ պահվում են ազատությունից զրկված անձինք, եւ այդ վայրերի յուրաքանչյուր հատված, ինչպես նաեւ ցանկացած վայր, որտեղ հիմքեր կան ենթադրելու, որ այդպիսի անձինք կարող են գտնվել:
3. Պետության օրենսդրությամբ կամ ցանկացած միջազգային իրավական փաստաթղթով, որի Կողմ է տվյալ պետությունը, այդպիսի իրավունք ունեցող ցանկացած այլ իրավասու մարմին նույնպես կարող է մուտք գործել այդ վայրերը:
Հոդված 10
1. Յուրաքանչյուր ազատազրկված անձ պետք է պահվի պաշտոնապես ճանաչված կալանավայրում եւ համաձայն ազգային օրենսդրության՝ կալանքից անմիջապես հետո ներկայացվի դատական մարմին։
2. Այդպիսի անձանց կալանավորման եւ նրանց գտնվելու կամ կալանավորման վայրի, այդ թվում՝ տեղափոխությունների մասին ճշգրիտ տեղեկատվությունը պետք է անհապաղ հասանելի դարձվի նրանց ընտանիքի անդամներին, նրանց պաշտպաններին կամ տվյալ տեղեկատվության նկատմամբ օրինական շահ ունեցող ցանկացած այլ անձի, եթե հակառակի վերաբերյալ ցանկություն տվյալ անձինք չեն հայտնել:
3.Ազատազրկված բոլոր անձանց թարմացված պաշտոնական գրանցամատյան պետք է վարել յուրաքանչյուր կալանավայրում: Բացի այդ, յուրաքանչյուր պետություն պետք է քայլեր ձեռնարկի նմանատիպ կենտրոնացված գրանցամատյաններ վարելու ուղղությամբ: Այդ գրանցամատյաններում պարունակվող տեղեկատվությունը պետք է հասանելի դարձվի նախորդ կետում նշված անձանց, ցանկացած դատական կամ այլ իրավասու եւ անկախ ազգային մարմնի եւ ցանկացած այլ իրավասու մարմնի, որն այդպիսի իրավունք ունի տվյալ պետության օրենսդրությամբ կամ ցանկացած միջազգային իրավական փաստաթղթով, որի Կողմ է տվյալ պետությունը, եւ որը փորձում է պարզել կալանավորված անձի գտնվելու վայրը:
Հոդված 11
Ազատազրկված բոլոր անձինք պետք է ազատ արձակվեն այնպիսի եղանակով, որը թույլ կտա հավաստիանալ, որ նրանք, իսկապես, ազատ են արձակվել եւ նաեւ ազատ են արձակվել այնպիսի պայմաններում, որոնք թույլ կտան երաշխավորել նրանց ֆիզիկական անձեռնմխելիությունը եւ նրանց՝ իրենց իրավունքներից ամբողջովին օգտվելու հնարավորությունը:
Հոդված 12
1. Յուրաքանչյուր պետություն պետք է իր ազգային օրենսդրությամբ սահմանի կանոններ՝ նշելով ազատազրկման վերաբերյալ հրաման տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց, սահմանելով պայմաններ, որոնց համաձայն կարող են տրվել այդպիսի հրամաններ, եւ նախատեսելով տույժեր այն պաշտոնատար անձանց համար, որոնք առանց իրավական հիմնավորման կհրաժարվեն տեղեկատվություն տրամադրել որեւէ կալանավորման վերաբերյալ:
2. Յուրաքանչյուր պետություն պետք է նաեւ ապահովի խիստ հսկողություն, ներառյալ՝ հստակ հրամանների հաջորդականություն բոլոր իրավապահ մարմինների նկատմամբ, որոնք պատասխանատու են բերման ենթարկելու, ձերբակալության, կալանավորման, կալանքի տակ պահելու, տեղափոխության եւ ազատազրկման համար, ինչպես նաեւ օրենքով ուժ եւ հրազեն կիրառելու լիազորություն ունեցող այլ պաշտոնատար անձանց նկատմամբ:
Հոդված 13
1. Յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի, որ որեւէ տեղեկություն կամ օրինական շահ ունեցող ցանկացած անձ, որը պնդում է, որ այս կամ այն անձը ենթարկվել է բռնությամբ անհետացման, իրավունք ունենա բողոք ներկայացնելու իրավասու եւ անկախ պետական մարմին, եւ որ այդ բողոքն անհապաղ, մանրակրկիտ եւ անկողմնակալ քննության ենթարկվի տվյալ մարմնի կողմից: Ցանկացած ժամանակ, երբ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ տեղի է ունեցել բռնությամբ անհետացում, պետությունը պետք է անհապաղ բողոքն ուղարկի այդ մարմին՝ այդպիսի քննություն իրականացնելու համար անգամ այն դեպքում, երբ չկա պաշտոնական բողոք: Քննությունը սահմանափակելու կամ խոչընդոտելու որեւէ միջոց չպետք է ձեռնարկվի։
2. Յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի, որ իրավասու մարմինը քննությունն արդյունավետ իրականացնելու համար ունենա անհրաժեշտ լիազորություններ եւ ռեսուրսներ, ներառյալ՝ վկաների ներկայությունը պարտադրելու եւ համապատասխան փաստաթղթեր պատրաստելու, ինչպես նաեւ տեղում անհապաղ այցելություններ կատարելու լիազորություններ:
3. Քայլեր պետք է ձեռնարկվեն՝ ապահովելու համար, որ քննության գործընթացում ներգրավված բոլոր անձինք, ներառյալ՝ բողոք ներկայացնող անձը, պաշտպանը, վկաները եւ քննությունն իրականացնող անձինք պաշտպանված լինեն վատ վերաբերմունքից, ահաբեկումներից կամ հաշվեհարդարից:
4. Այդ քննության արդյունքներն ըստ անհրաժեշտության պետք է հասանելի լինեն բոլոր շահագրգիռ անձանց՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վտանգի տակ դնել քրեական գործով քննության ընթացքը:
5. Միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ ապահովելու համար, որ բողոք ներկայացնելու կամ քննություն իրականացնելու ընթացքում ցանկացած վատ վերաբերմունք կամ ահաբեկում կամ հաշվեհարդար կամ որեւէ այլ ձեւի միջամտություն պատշաճ կերպով պատժվի։
6. Համաձայն վերը նկարագրված ընթացակարգերի՝ քննությունը պետք է հնարավոր լինի շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ բռնությամբ անհետացման ենթարկված տուժողի ճակատագիրն անորոշ է։
Հոդված 14
Որեւէ Պետության տարածքում բռնությամբ անհետացման հանցագործություն կատարելու համար կասկածվող ցանկացած անձ պետք է ներկայացվի տվյալ Պետության իրավասու քաղաքացիական մարմիններ՝ քրեական հետապնդում եւ դատավարություն իրականացնելու համար, եթե պաշտոնական քննության արդյունքում բացահայտված հանգամանքներն այդպես են պահանջում, եւ քանի դեռ տվյալ անձը չի հանձնվել մեկ այլ պետության, որը ցանկանում է իրավազորություն իրականացնել համապատասխան գործող միջազգային պայմանագրերի համաձայն: Բոլոր պետությունները պետք է ձեռնարկեն իրենց հասանելի օրինական եւ համապատասխան գործողություններ՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր այն անձանց, որոնք պատասխանատու են բռնությամբ անհետացման հանցագործություն կատարելու համար, եւ որոնք գտնվել են այդ պետությունների իրավազորության ներքո կամ նրանց վերահսկողության տակ:
Հոդված 15
Այն փաստը, որ հիմքեր կան ենթադրելու, որ անձը մասնակցել է ծայրահեղ ծանր բնույթի այնպիսի գործողությունների, ինչպիսիք են վերոնշյալ 4-րդ հոդվածի 1-ին կետում նշվածները, անկախ դրդապատճառներից, պետք է հաշվի առնվի այն ժամանակ, երբ տվյալ Պետության իրավասու մարմինները որոշում են՝ արդյոք պետք է ապաստան տալ այդ անձին, թե՝ ոչ:
Հոդված 16
1. Վերոնշյալ 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործողություններից որեւէ մեկը կատարելու մեջ կասկածվող անձանց ծառայողական պարտականությունների կատարումը կկասեցվի վերոնշյալ 13-րդ հոդվածում նշված քննության ընթացքում։
2. Այդ անձինք պետք է դատվեն միայն ցանկացած Պետության իրավասու սովորական դատարանների կողմից եւ ոչ թե որեւէ այլ հատուկ տրիբունալի, մասնավորապես՝ ռազմական դատարանների կողմից:
3. Նման դատավարություններում չպետք է թույլատրվի որեւէ արտոնություն, անձեռնմխելիություն կամ հատուկ բացառություն՝ չհակասելով Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայում պարունակվող դրույթներին:
4. Այդպիսի գործողությունների համար ենթադրաբար պատասխանատու անձանց համար պետք է երաշխավորվի արդար վերաբերմունք՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ համապատասխան այլ միջազգային համաձայնագրերի համապատասխան դրույթների համաձայն, որոնք ուժի մեջ են քննության եւ հնարավոր հետապնդման ու դատավարության բոլոր փուլերում:
Հոդված 17
1. Բռնությամբ անհետացմանն առնչվող գործողությունները համարվում են շարունակական հանցագործություն, քանի դեռ հանցագործություն կատարողները շարունակում են թաքցնել անհետացած անձանց ճակատագիրը եւ գտնվելու վայրը, եւ այդ փաստերը շարունակում են մնալ չպարզված։
2. Այն դեպքում, երբ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներն այլեւս չեն գործում, բռնությամբ անհետացման գործողությունների հետ կապված վաղեմության ժամկետը պետք է կասեցվի մինչեւ այդ պաշտպանության միջոցների վերահաստատումը։
3. Բռնությամբ անհետացման գործողությունների հետ կապված վաղեմության ժամկետները, եթե այդպիսիք կան, պետք է լինեն զգալիորեն երկար եւ համարժեք հանցագործության ծայրահեղ ծանր բնույթին:
Հոդված 18
1. Այն անձինք, որոնք կատարել են, կամ ենթադրվում է, որ կատարել են վերոնշյալ 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործությունները, չպետք է օգտվեն համաներման մասին որեւէ հատուկ օրենքից կամ նմանատիպ միջոցներից, որոնք կարող են նրանց ազատել քրեական հետապնդումից կամ պատժից:
2. Ներման խնդրանքի իրավունքն իրականացնելիս հաշվի է առնվում բռնությամբ անհետացման գործողությունների ծայրահեղ ծանր բնույթը։
Հոդված 19
Բռնությամբ անհետացման տուժողները եւ նրանց ընտանիքները պետք է փոխհատուցում ստանան եւ ունենան համապատասխան փոխհատուցում ստանալու իրավունք, այդ թվում՝ հնարավորինս լիարժեք վերականգնման միջոցներ։ Բռնությամբ անհետացման հետեւանքով տուժողի մահվան դեպքում փոխհատուցման իրավունք պետք է ունենան նաեւ նրանց խնամարկյալները։
Հոդված 20
1. Պետությունները պետք է կանխեն եւ ճնշեն բռնությամբ անհետացման ենթարկված ծնողների եւ մոր՝ բռնությամբ անհետացման ժամանակ ծնված երեխաների առեւանգումը եւ իրենց ջանքերը գործադրեն այդպիսի երեխաներին որոնելու եւ նույնականացնելու, ինչպես նաեւ այդ երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելու ուղղությամբ:
2.Հաշվի առնելով նախորդ կետում նշված՝ երեխաների լավագույն շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը՝ այն պետություններում, որոնք ճանաչում են որդեգրման համակարգը, պետք է հնարավորություն ընձեռվի վերանայել այդ երեխաների որդեգրումը եւ մասնավորապես չեղյալ համարել ցանկացած որդեգրում, որը ծագել է բռնությամբ անհետացման արդյունքում: Այնուամենայնիվ, այդպիսի որդեգրումը պետք է շարունակի ուժի մեջ մնալ, եթե վերանայման պահին համաձայնություն է տրվում երեխայի մերձավոր ազգականների կողմից:
3. Բռնությամբ անհետացման ենթարկված ծնողների կամ մոր՝ բռնությամբ անհետացման ժամանակ ծնված երեխաների առեւանգումը եւ նրանց իրական ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոփոխելու կամ ճնշելու գործողությունը համարվում է առանձնապես ծանր հանցագործություն, որը ենթակա է պատժի որպես այդպիսին։
4. Այդ նպատակներով պետությունները պետք է անհրաժեշտության դեպքում կնքեն երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրեր:
Հոդված 21
Սույն հռչակագրի դրույթները չեն հակասում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում կամ որեւէ այլ միջազգային փաստաթղթում ամրագրված դրույթներին եւ չպետք է մեկնաբանվեն որպես այդ դրույթներից որեւէ մեկի սահմանափակում կամ դրանից շեղում: