Արդարադատության փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցությունը Ներքին գործերի նախարարության ստեղծման և ոստիկանության զորքերի վերամոդելավորման գործում
31/05/2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) քարտուղարության ներկայացուցիչներին:
Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգը՝ անդրադառնալով նաև կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության բարեփոխումների բնագավառներում ԵԱՀԿ-ի շարունակական ու արդյունավետ աջակցությանը: Երկուստեք բարձր է գնահատվել հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումների շրջանակներում արդեն իսկ կատարված աշխատանքը:
Կողմերն անդրադարձել են ոստիկանության բարեփոխումների հետագա ուղղություններին՝ շեշտը դնելով հատկապես Ներքին գործերի նախարարության ստեղծման, Ոստիկանության զորքերի վերամոդելավորման և այդ գործընթացում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության վրա: Քննարկվել են նաև ոստիկանություն-հասարակություն համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին համապատասխան: