Վենետիկի հանձնաժողովի նախագահի և Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի միջև հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությանը և սահմանադրական բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին
09/06/2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին:
Նախարար Անդրեասյանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունն իր առանցքային դերակատարումն ունի անկախ դատական համակարգի կայացման համար՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում։ Նախարար Անդրեասյանը գոհունակությամբ փաստել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ մշտական երկխոսության առկայությունը թույլ է տալիս ավելի վստահ շարունակել արդարադատության որակի, դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման, դատավորների համար սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ ջանքերի գործադրումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությանը և սահմանադրական բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Նախարար Անդրեասյանը հավելել է, որ Սահմանադրության «իրավական աուդիտը» կօգնի հասկանալ սահմանադրական զարգացումների հետագա ուղղությունները։
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել Հայաստանի կառավարության ժողովրդավարության օրակարգին աջակցելու Վենետիկի հանձնաժողովի պատրաստակամությունը՝ ընդգծելով ժողովրդավարության ամրապնդման և անկախ, բարեվարք դատական համակարգի կայացման ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվող քայլերի կարևորությունը:
Կողմերը կարևորել են բարեփոխումների գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը։ Կողմերը քննարկել են նաև դատավորների կարգապահական պատասխանատվության գործիքակազմերին առնչվող հարցեր, դիտարկել ոլորտային այլ բարեփոխումներ՝ անդրադառնալով նաև քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերին, որոնք ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ին։
Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանը վերահաստատել է արդեն իսկ ձևավորված բարեփոխումների օրակարգով առաջ շարժվելու Կառավարության վճռականությունը: