Որ կառույցները կլինեն նոր ստեղծվելիք ներքին գործերի նախարարության կազմում. փոխնախարարը մանրամասնում է
10/06/2022
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել էր նաև ներքին գործերի նախարարության նախնական մոդելը:
«Հայկական ժամանակ»-ը նոր նախարարություն ստեղծելու գաղափարի մասին զրուցել է ՀՀ արդարադատության փոխնախարար, Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ Արփինե Սարգսյանի հետ:
- Տիկին Սարգսյան, Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստի ժամանակ նաև անդրադարձ է կատարվել Ներքին գործերի նախարարություն ունենալուն: Խնդրում ենք ներկայացնել, թե ստեղծվելիք ՆԳՆ-ն հիմնականում ի՞նչ գործառույթներ է կատարելու, ի՞նչ ստորաբաժանումներից է կազմված լինելու:
- Արդարադատության նախարարությունն ամիսներ շարունակ աշխատել է միջազգային փորձագետների հետ և դիտարկել ներքին գործերի նախարարության ստեղծման մոդելային տարբեր լուծումներ: Ի վերջո, կանգ ենք առել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության հիմքով ներքին գործերի նախարարության ստեղծման մոդելի վրա: Ըստ այդմ՝ մենք մշակել ենք մոդելային հայեցակարգը և ներկայացրել խորհրդի քննարկմանը:
Այս մոդելն ընտրվել է մի քանի հանգամանքի հաշվառմամբ. առաջին և թերևս ամենակարևոր փաստարկն այն է, որ տրամաբանորեն աղետների և այլ ճգնաժամային իրավիճակներում պետք է ունենալ մեկ կետից կառավարվող և միմյանց փոխլրացնող արձագանք, որը միայն միասնական կառավարման հաշվին առավել արդյունավետ կլինի: Այս մոդելի դեպքում պետությունը ոստիկանության, ոստիկանության զորքերի, փրկարար և այլ ծառայությունների նյութատեխնիկական, կարողությունների փոխլրացման ու կառավարման ռեսուրսների համատեղ օգտագործման հնարավորություն է ունենում, ինչը ևս բերելու է արդյունավետ կառավարման: Սա կօգնի նաև հաղթահարել ինստիտուտների հորիզոնական համագործակցության՝ ոչ բավարար աստիճանի զարգացած մշակույթը:
Ըստ այդմ՝ ներքին գործերի նախարարության առաջարկվող մոդելում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում, բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում, հումանիտար հարցեր:
Կառուցվածքի տեսանկյունից փորձել ենք մշակել հնարավորինս օպտիմալ լուծումներ: Հաշվի առնելով այն, որ 3 կառույցի միավորում ենք ունենալու՝ տրամաբանական է, որ պետք է ձևավորենք ծախսարդյունավետ, հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: ՆԳՆ ենթակա կառույցները, ի թիվս այլնի, կլինեն ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ՆԳՆ կրթահամալիրը: Ընդ որում՝ կառուցվածքային տրամաբանությունն այն է լինելու, որ լիազորությունների տարանջատման հիման վրա ենթակա կառույցները ռեսուրսները կարողանալու են ուղղել իրենց իսկ հիմնական ֆունկցիաների իրականացմանը:
- Ստեղծվելիք նախարարությունը նախկին ՆԳՆ-ի մոդելո՞վ է աշխատելու, թե՞ նորովի է ներկայանալու:
- Ներքին գործերի նախարարության ստեղծման օգտին եղած փաստարկներն ինքնին շատ խոսուն են: Բավական է միայն նշել, որ նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել հատկապես ոստիկանական ոլորտի թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողությունը, նախարարությունը կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն:
Պետք է շատ հստակ արձանագրենք, որ ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի նախկին փորձի հետ: Նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության առջև դրված թե՛ քաղաքական, թե՛ քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են։ Այդ տարբերության օգտին են վկայում կառավարման ձևի փոփոխությունը և քաղաքացիական գիտակցության ավելի զարգացած մակարդակը, ուստիև՝ ժողովրդավարական պետությանը բնորոշ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության գործուն մեխանիզմների առկայությունը։ Բացի այդ, նոր Հայաստանին նոր ոստիկանություն բերելու ռազմավարական գաղափարի իրագործման առումով համակարգային ու մտածողության փոփոխություն բերելը դժվար կլինի առանց համակարգային և կառուցվածքային փոփոխությունների: Հետևապես պետք է ունենալ միասնական նախարարություն, որը թույլ կտա ապահովել ռեֆորմային օրակարգը:
- Իսկ հնարավո՞ր է՝ ՆԳՆ-ի ստեղծման դեպքում ոստիկանությունը, որպես կառույց, լուծարվի, ինչպես նաև՝ այս մոդելի ստեղծմամբ ոստիկանության աշխատակիցների թիվը կկրճատվի՞, թե՞ հակառակը:
- Ոստիկանությունը շարունակելու է գործել նախարարության տանիքի տակ: Առաջարկվող մոդելի դեպքում ներքին գործերի նախարարը ոլորտի քաղաքական պատասխանատուն կլինի, իսկ ոստիկանապետն էլ պատասխանատվություն կկրի ծառայության ամենօրյա գործունեության համար: Ինչ վերաբերում է կրճատումներին, ինչպես նշեցի, մեր հիմնական խնդիրներից է ունենալ ծախսարդյունավետ, հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: Այսպիսի կառուցվածքին գնալու համար տրամաբանական է, որ կունենանք հաստիքային վերանայումներ, որոնց ուղղությամբ քննարկումներ ենք իրականացնում:
- Ներքին գործերի նախարարը պարտադիր պետք է լինի համակարգի՞ց, թե՞ նախարարի պաշտոնում կարող է նշանակվել յուրաքանչյուր ոք:
- Ներքին գործերի նախարարն այնպես, ինչպես մյուս նախարարները, նշանակվելու է ընդհանուր կարգով:
- Համակարգի աշխատակիցների հետ այս թեմայով քննարկում ունեցե՞լ եք: Ի՞նչ տեսակետ ունի ոստիկանության բարձրաստիճան ղեկավար կազմն այս որոշման վերաբերյալ:
- Ոստիկանության ոլորտի բարեփոխումները միանշանակորեն շատ մանրամասն քննարկել ենք ոստիկանության մեր գործընկերների՝ թե՛ ղեկավար կազմի, թե՛ մյուս ծառայողների հետ, և դրանք շատ սպասված են: Ցանկացած մոդելային լուծումի մշակմանը հասնում ենք փոխըմբռնման մթնոլորտում՝ հիմքում ունենալով իրապես նոր ոստիկանություն ունենալու նպատակը:
Սկզբնաղբյուրն՝ այստեղ