Ամփոփվեց «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» կրթական ծրագիրը, որի շրջանակում անցկացվել է վերապատրաստման 100 միջոցառում, շուրջ 2500 ունկնդիրների մասնակցությամբ
17/06/2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է Արդարադատության ակադեմիայում անցկացված Ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառման հատուկ հյուրերն էին IRZ-ի վերոնշյալ ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը, միջազգային երկարաժամկետ փորձագետ Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, ներկայացուցիչներ ՀՀ դատաիրավական համակարգից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից և մի շարք այլ գործընկերներ:
Արդարադատության նախարարի տեղակալ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների հիմքում առկա խնդիրները մեծամասամբ լուծելի են հենց կրթական դաշտում: Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Ակադեմիան այն տանիքն է, որի ներքո արդարադատության շղթայում ներառված բոլոր սուբյեկտները պետք է հավակնեն այդ կրթական բաղադրիչի միջոցով ապահովել դատաիրավական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում:
«Էքսփերթայզ Ֆրանս» կազմակերպության ներկայացուցիչ Սվիյեթա Յեքիչը նշել է, որ ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ անցկացվել է վերապատրաստման 100 միջոցառում, որին մասնակցել է շուրջ 2500 ունկնդիր:
Փիթեր Գյորթլերը, Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Ակադեմիային արդյունավետ համագործակցության և գրանցած հաջողությունների համար:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրեր է հանձնել ծրագրի գործընկերներ Փիթեր Գյորթլերին, Մարիամ Այվազյանին, Սյուզաննա Մուրադյանին, Սուսաննա Վարդանյանին, իսկ Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին պարգևատրվել է Ակադեմիայի «Համագործակցության համար» մեդալով: