ԵՄ աջակցությամբ ավարտվել են Դատաիրավական ռազմավարության վերանայման աշխատանքները
21/06/2022
Արդարարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նախագահել է «Աջակցություն ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը, որին ներկա էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, միջազգային այլ կառույցների և ծրագրի շահառու հանդիսացող պետական մարմինների ներկայացուցիչներ:
Ծրագրի նպատակն է հզորացնել Կառավարության կարողությունները՝ դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ուղղություններով:
Հանդիպման ընթացքում փոխնախարար Մինասյանը նախորդ վեց ամսվա հաջողված համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ Էկորիսի թիմին և նշել, որ համագործակցության արդյունքում օրեր անց արդեն հաստատված կլինի ՀՀ դատական և իրավական 2022-2026 թթ. ռազմավարությունը:
Օրակարգի շրջանակում ծրագրի թիմը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև առաջիկա 6 ամիսների համար նախատեսված գործողությունները:
Արդարադատության նախարարությունը և «Աջակցություն ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի թիմը գրի են առել հնչեցված բոլոր առաջարկներն ու դիտարկումները, որոնք հաշվի կառնվեն ծրագրի իրականացման առաջիկա 6 ամիսների ընթացքում:
Ամփոփելով՝ փոխնախարար Մինասյանը և նախարարության թիմը շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար և ուղենշել կատարվելիք հետագա քայլերը: