Հայաստանում կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման փուլում Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գերմանիա՝ ուսումնասիրելու քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների տեղական փորձը

24/06/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-24-ն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ Հայաստանում կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման փուլում ուսումնասիրելու քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների վերաբերյալ գերմանական փորձը։

Այցի ընթացքում փոխնախարար Սարգսյանը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի հետ։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել այցի կազմակերպման և Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հայեցակարգի մշակման հարցում ամիսներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։ Սարգսյանը նշել է, որ գերմանական փորձի հիման վրա Արդարադատության նախարարությունը նախագծել է նոր քրեակատարողական հիմնարկի նախնական մոդելը։

Ֆրանկ Հուփֆելդն իր հերթին շնորհակալություն է հայտնել այս պատասխանատու գործում IRZ-ի նկատմամբ ցուցաբերած վստահության համար և պատրաստակամություն հայտնել արդյունավետ համագործակցությունը շարունակել նաև հետագա փուլերում։

Այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Կառլսռուհեի, Օֆֆենբուրգի, Շտուտգարտի քրեակատարողական հիմնարկներ, ծանոթացել դրանց ենթակառուցվածքներին, ուսումնասիրել շինարարական լուծումները, որոնք ծառայում են վերասոցիալականացման գաղափարին։

Պատվիրակությունն այցելել է նաև Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի քրեակատարողական համակարգի կրթական կենտրոն և ծանոթացել քրեակատարողական ծառայողների պատրաստման և վերապատրաստման մոդելներին։

Այցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու արդյունավետ համագործակցությունը Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման շրջանակներում։

Փոխնախարար Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են՝ նախարարության խորհրդական Ռուբինա Մխիթարյանը, Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը, ՔԿԾ անվտանգության ապահովման բաժնի պետ Խաչիկ Հարությունյանը, բանտային ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը և ճարտարապետ Արամ Առաքելյանը։