Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կարևորել է նոր ստեղծվող ներքին գործերի նախարարության դերակատարությունը փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության գործում

15/07/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակներում անցկացվող «Միջազգային պաշտպանության մասին օրենսդրության համապարփակ բարեփոխում» խորագրով հանդիպմանը:
Փոխնախարար Սարգսյանն իր ելույթում նշել է, որ միգրացիոն ոլորտում պետք է իրականացվեն համակարգային բարեփոխումներ, որոնց հենքը Ներքին գործերի նախարարության ստեղծումն է, որտեղ միգրացիայի ոլորտի պատասխանատուն կլինի Միգրացիոն և քաղաքացիության ծառայությունը:
Սարգսյանի խոսքով երկրորդ ուղղությունը, համակարգային բարեփոխումներին զուգահեռ, բովանդակային փոփոխություններն են ապաստան հայցողների և փախստականների պաշտպանության ոլորտում: Փոխնախարարի ընդգծմամբ  արդի հիմնախնդիրներից մեկն այս ոլորտում այն է, որ օրենսդրությամբ չի հստակեցվում այն անձանց կարգավիճակը, ովքեր չեն բավարարում փախստականի կարգավիճակի չափանիշներին, սակայն օգտվում են միջազգային իրավաբանությանը հայտնի չվերադարձնելիության սկզբունքի պաշտպանությունից, քանի որ վերադարձվելու դեպքում առկա է ծագման երկրում խոշտանգման, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կամ էլ մահապատժի ենթարկվելու վտանգ: Փոխնախարար Սարգսյանը կարևորել է այս խումբ դեպքերի համար պաշտպանության գործուն միջոցների նախատեսման հնարավորությունը թե՛ օրենսդրական, թե՛ գործնական դաշտում՝ հաշվի առնելով չվերադարձնելիության սկզբունքի երաշխավորման և անվտանգային զգայուն հարցերի բալանսավորված մեկտեղումը: Որպես երրորդ ուղղություն առանձնացվել է միգրացիոն ոլորտում վերապատրաստված կադրերի ապահովումը:
Փոխնախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, ՄԱԿ ՓԳՀ Հայաստան ներկայացուցչությանը միգրացիայի կառավարման կարողությունների հզորացման հարցում Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգին աջակցելու համար:
Հանդիպմանը մասնակցել են նաև Տարածքային  կառավարման  և ենթակառուցվածքների նախարարի  տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, ՄԱԿ ՓԳՀ Հայաստան ներկայացուցչի պաշտոնակատար Անդրեյ Արյուպինը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: