Արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է մրցույթ՝ Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու համար
29/07/2022
Կառավարության` 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Ռազմավարության երկրորդ բաժնին համապատասխան` Արդարադատության նախարարությունը մեկնարկում է Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման համակարգման, մշտադիտարկման և գնահատման աշխատանքների ապահովման գործընթացը։ Նշվածի համատեքստում, ընդհանուր ոլորտային մշտադիտարկման և վերահսկողության նպատակով, Ռազմավարության երկրորդ բաժնով նախատեսվում է Մշտադիտարկման խորհրդի կազմավորումը։ Վերջինս Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի համակարգմանը, մշտադիտարկմանը և գնահատմանն աջակցելու գործառույթներ իրականացնող խորհրդակցական մարմին է։
Ըստ Ռազմավարության՝ Մշտադիտարկման խորհրդի կազմում մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երկու ներկայացուցիչներ:
Ղեկավարվելով վերոնշյալով՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր կարող են ներկայացվել հետևյալ կարգով.
-
Հայտերը ներկայացվում են Նախարարություն՝ սույն հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ 30 օրվա ընթացքում (մինչև 2022թ.-ի օգոստոսի 28-ը ներառյալ)։ Հայտում նշվում են՝
ա) հայտը ներկայացնելու օրը, ամիսը, ամսաթիվը,
բ) կազմակերպության լրիվ անվանումը (հայերեն),
գ) կազմակերպության կազմակերպաիրավական ձևը,
դ) կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեն,
ե) կազմակերպության վերաբերյալ ամփոփ տեղեկություն:
-
Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները.
ա) որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությանը կամ դատական համակարգի հանրային հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործունեությունը և
բ) որոնք ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում վերոնշյալ ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալում:
-
Հայտին կից ներկայացվում են այն փաստաթղթերը (տեղեկությունները), որոնք հավաստում են վերոնշյալ 2-րդ կետով նշված պահանջներին (չափանիշներին) հայտ ներկայացնողի համապատասխանությունը:
-
Հայտ ներկայացնողը հայտում նշում է նաև այն թեկնածուին, որին առաջարկվում է ընդգրկել Մշտադիտարկման խորհրդում որպես Հայտ ներկայացողի ներկայացուցիչ, և ներկայացնում է իր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն), կենսագրական տվյալները (curriculum vitae):
-
Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են ուղարկվել info@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:
-
Փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
-
Փաստաթղթերը ստանալուց հետո Արդարադատության նախարարությունն ստուգում է դրանց ամբողջականությունը և համապատասխանությունը սույն հայտարարության 1-5-րդ կետերի պահանջներին:
-
Փաստաթղթերը կամ դրանց կազմը թերի լինելու դեպքում հայտ ներկայացնողն այդ մասին իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
-
Շտկված փաստաթղթերը կրկին ներկայացվում և ընդունվում են սույն հայտարարությամբ սահմանված կարգին համապատասխան:
-
Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:
-
Փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը ստուգելուց հետո ընտրության համար Արդարադատության նախարարությունը ստուգում է սույն հայտարարության 2-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանող կազմակերպությունների ներկայացրած թեկնածուների տվյալները: Թեկնածուների ընտրության ընթացքում Արդարադատության նախարարությունը հաշվի է առնելու առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը դատական և իրավական ոլորտներում, նրա կողմից կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի, հրապարակված աշխատանքների (աշխատությունների), կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
-
Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած հասարակական կազմակերպությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները հրապարակվում են Արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում:
-
Նախարարությունը թեկնածուների ընտրությունը կատարում է հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում և ապահովում է թեկնածուների ընտրության արդյունքների մասին տեղեկատվության հրապարակումն Արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում: