Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել վերջին 1 տարում իրականացված բարեփոխումային ծրագրերի արդյունքը

26/09/2022

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել դոնորների համակարգող խորհրդի հանդիպում:
Հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած լայնամասշտաբ զինված հարձակմանը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպություններին՝ ցուցաբերած աջակցության համար:
Դիվանագիտական կորպուսի բոլոր ներկա անդամները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները խորը ցավ են արտահայտել կատարվածի և կորուստների համար, ևս մեկ անգամ հայտնել են իրենց զորակցությունը:
Նախարար Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանում ստեղծված ներկայիս իրավիճակին՝ Արդարադատության նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել միջազգային գործընկերների աջակցությամբ նախարարության կողմից իրականացվող բազմաոլորտ բարեփոխումային ծրագրերը:
Նախարար Անդրեասյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, դրանց շրջանակներում տեղի ունեցած համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ընդունված իրավական ակտերը, ինչպես նաև ընդգծել է ներկայացված ծրագրերի արդյունավետության ապահովման տեսանկյունից՝ համապատասխան կարիքները: Մասնավորապես ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության, հակակոռուպցիոն, սահմանադրական, դատաիրավական, քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումային ծրագրերը, ինչպես նաև դրանց արդյունքները:
Հանդիպման ընթացքում հանրային կառավարման բարեփոխումների թիմը ներկայացրել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ներկայիս փուլային իրականացումը չորս հիմնական ուղղությամբ՝ ռազմավարական պլանավորում, քաղաքականության մշակում, հանրային ծառայություններ, մարդկային ռեսուրսներ և ինստիտուցիոնալ զարգացում, ինչպես նաև մանրամասնել Ռազմավարությամբ յուրաքանչյուր գործողության իրականացման նախանշված ժամկետները:
Միջոցառմանը ներկա են եղել դիվանագիտական կորպուսի և Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրոպական Միության, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Ասիական Զարգացման բանկի ներկայացուցիչներ: