Կայացել է Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ներկայացումը ՀՀ բոլոր պետական մարմինների մասնակցությամբ

28/09/2022

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպմանը ներկայացրել է ՀԿԲ ռազմավարության իրականացման թիմին, ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը․ «Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի բարեփոխենք մեր երկրի կառավարման համակարգերը, և դուք եք այդ բարեփոխումների առաջամարտիկները»։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանն իր խոսքում նշել է․ «Մասնագետ, կոմպետենտ, քաղաքացիակենտրոն քաղաքացիական ծառայության ինստիտուտի զարգացումը մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման միակ եղանակն է»։

Այնուհետև, փոխվարչապետի խորհրդական Անետա Բաբայանը, ՀԿԲ ռազմավարության իրականացման թիմի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, ապա նաև ՀԿԲ ոլորտային համակարգողները մանրամասն ներկայացրել են բարեփոխումների իրականացման մեկնարկային ու հաջորդիվ քայլերը։

Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հարց ու պատասխան՝ տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ ս․թ․ մայիսի 13-ին ՀՀ կառավարությունն ընդունել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունն ու դրա իրականացման 2022-2024թթ․ ճանապարհային քարտեզը։

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: