Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը ծանոթացել է ՀԿԱԾ քաղաքացիական սպասարկման նոր կենտրոնի շինարարական աշխատանքներին

03/10/2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ծանոթացել Ծառայության շենքում ստեղծվելիք Քաղաքացիների ընդունելության կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքներին:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է Կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ կարևորելով քաղաքացիների և հարկադիր կատարողների միջև արագ ու արդյունավետ կապի հաստատումն ու ամրապնդումը:
Մինասյանը նշել է, որ ստեղծվելիք Կենտրոնը լինելու է նոր հարթակ, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն են ունենալու ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, կապ հաստատել վարույթն իրականացնող հարկադիր կատարողների հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Կենտրոնը տալու է հեշտ, արագ և հասանելի ծառայությունների մատուցման, հարկադիր կատարող-քաղաքացի անմիջական շփումների հաստատման և ծառայությունների որակի բարձրացման հնարավորություններ:
Գրիգոր Մինասյանը կարևորել և ողջունել է նաև բոլոր այն քայլերը, որոնք միտված են թեթևացնել քաղաքացիների բեռն ու մատչելի ծառայություններ տրամադրել նրանց: