Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթները կիրականացվեն առավել արդյունավետ եղանակով․ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

05/10/2022

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական ակտերի 2 նախագծեր՝ միտված հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների շարունակական իրականացմանը:

Նախագծերով ամրագրվել են կատարողական վարույթի շրջանակում որոշակի գործողություններ միևնույն կամ այլ ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից իրականացնելու, ինչպես նաև կատարողական վարույթները մեկ վարույթում միավորելու և առանձնացնելու կառուցակարգերը:

Այս կարգավորումները կնպաստեն կատարողական գործողությունների իրականացման օպերատիվության և արդյունավետության բարձրացմանը, կստեղծեն հնարավորություն լրացուցիչ մարդկային ռեսուրսներ ներգրավելու, կնվազեցնեն հարկադիր կատարողների ծանրաբեռնվածության մակարդակը և դրական ազդեցություն կունենան ֆինանսական ռեսուրսների խնայողության տեսանկյունից:

Միաժամանակ, նախագծերով կարգավորվել և հստակեցվել են կատարողական գործողություններ իրականացնելիս գույքի պահատվության անհրաժեշտության դեպքում ծագող հարաբերությունները, գույքը Հարկադիր կատարման ծառայության միջոցներով պահպանելու դեպքերը, ինչպես նաև նախատեսվել է պահատվության հանձնված գույքը հետ չպահանջվելու դեպքում այն «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով կամ ուղղակի վաճառքի միջոցով իրացնելու և ստացված գումարը պարտապանին (գույքի սեփականատիրոջը) վերադարձնելու հնարավորություն:

Նշված կարգավորումները նպատակ են հետապնդում սահմանել պարտապանի (գույքի սեփականատիրոջ) գույքի պատշաճ պահպանության երաշխիքներ, ինչպես նաև հստակեցնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները գույքի պահպանություն կազմակերպման հետ կապված՝ նվազեցնելով պետական բյուջեի միջոցների հաշվին լրացուցիչ ծախսեր իրականացնելու և միջոցներ վատնելու ռիսկերը։