Լրացվում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքը

04/10/2022

Կառավարությունը լրացում է առաջարկում «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում:

Օրենքի 4-րդ հոդվածը կլրացվի  նոր՝  5-րդ մասով, որով սահմանվում է, որ պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող՝ ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության ձևը սահմանում, ինչպես նաև կանոնադրությունը հաստատում է Կառավարությունը: Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի  պարզաբանմամբ՝ գործող օրենսդրության համաձայն՝ հանրապետական գործադիր մարմինների, ներկայիս՝ պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի համար որպես հիմք և լիազորող նորմ է հանդիսանում Կառավարության 2010 թ. հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը, որը, սակայն, ընդունվել է դեռևս 2010 թ., երբ ներկայիս պետական կառավարման համակարգի մարմինները կոչվել են հանրապետական գործադիր մարմիններ:

«Ուստի, իրավական որոշակիության սկզբունքի կիրառությունն ապահովելու, գործող իրավակարգավորումների արդիականությունը պահպանելու և դրանց ժամանակավրեպ լինելը բացառելու, ինչպես նաև իրավական ձևակերպումների հստակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել վերոնշյալ նախագիծը»,-նշել է զեկուցողը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական է:

Նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է հոկտեմբերի 4-ին: