Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար կսահմանվեն սոցիալական նոր երաշխիքներ

04/10/2022

Ազգային ժողովի նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հաշվարկել երկու տոկոս հավելավճար: Հատուկ քննչական ծառայության լուծարման շրջանակում նախկին աշխատակիցները տեղափոխվել են Դատախազություն կամ քննչական այլ մարմիններ. առաջարկվել է այդ սոցիալական երաշխիքը վերականգնել նաև վերոնշյալ աշխատակիցների համար:
Փոխնախարար Արփինե Սարգսյանի նշմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է ավելի շուտ, քան ուժի մեջ է մտել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքը, որով առաջարկվում է հետադարձության կանոնի ուժով, կոմիտեի նախագահի պաշտոնի նշանակման պահից մինչև օրենքի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի վարձատրությունը ևս համապատասխան կերպով հաշվարկել ու վարձատրել:
Օրենսդրական փաթեթում նախատեսվող փոփոխություններն առաջարկվել է կիրառել 2024 թ. հուլիսի 1-ից: