Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է դալլասյան՝ ոստիկանության ոլորտի բարձրաստիճան միջազգային համաժողովին

18/10/2022

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, որպես ոստիկանության ոլորտի բարեփոխումների ծրագրի համակարգող, մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի 2022 թվականի դալլասյան համաժողովին, որը մեկ տեղում միավորել է համաշխարհային մակարդակով ոստիկանության ոլորտի առաջնորդներին։
Միջոցառման շրջանակներում անցկացվել են ավելի քան 200 կրթական նիստեր, որոնք կենտրոնացվել են ժամանակակից ոստիկանության գործունեության առանցքային կողմերի վրա։
Հեղինակավոր Համաժողովին մասնակցել են շուրջ 15.000 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից, համաժողովը թույլ է տվել նաև ուսումնասիրել ժամանակակից ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը՝ համազգեստից մինչև սպառազինություն։
Նշենք նաև, որ փոխնախարար Արփինե Սարգսյանը համաժողովին ընդառաջ արդեն իսկ անդամակցել է Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիային։
Միջոցառմանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել է ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ (INL) գրասենյակը: Հայկական պատվիրակության կազմում եղել են նաև Ոստիկանության և Քննչական կոմիտեի տարբեր ղեկավար կազմերի ներկայացուցիչներ։