Ձևավորվել է Հայաստանում ստեղծվող Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովի կազմը
18/10/2022
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովը, որը նպատակ ունի ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ կենտրոնի ստեղծման աշխատանքներին: Խորհրդատվական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են արբիտրաժի ոլորտում հանրաճանաչ միջազգային և ազգային 26 մասնագետներ: Ընդ որում, նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծումից հետո Խորհրդատվական հանձնաժողովի անդամները կարող են հետագայում դիտարկվել նաև որպես նոր կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամի թեկնածուներ և արբիտրներ:
Խորհրդատվական հանձնաժողովում են ներգրավվել ինչպես կայացած արբիտրաժային պրակտիկա ունեցող տարբեր երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Սինգապուր, Չինաստանի (Հոնգ Կոնգ), Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ հայտնի արբիտրաժային հաստատություններում փորձառություն ունեցող ներկայացուցիչներ:
Խորհրդատվական հանձնաժողովի գործունեության ոլորտը ներառում է կենտրոնի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, արբիտրաժային կանոնների, ներքին այլ կանոնակարգերի քննարկումը և հաստատումը, ինչպես նաև կենտրոնի կառուցվածքի, առավել արդյունավետ մոդելի, այդ թվում` արբիտրաժային վճարների քաղաքականության և այլնի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը: