Նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանվել է վարչական պատասխանատվություն. Արփինե Սարգսյան
25/10/2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 25-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում՝ ներկայացրել է «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում նոր կարգավորումները:
Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները կներկայացվեն մեկ իրավական ակտում:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ գլխադասային հանձնաժողովում՝ քննարկման փուլում, կատարվել են մի շարք փոփոխություններ: Արփինե Սարգսյանը, պատասխանելով Սարգիս Խանդանյանի հարցին, ներկայացրել է «նվեր» հասկացության սահմանումը: «Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն»: Փոխնախարարը նաեւ մանրամասնել է փոխկապակցված անձանց շրջանակը. դրանք են՝ պաշտոնատար անձի ամուսինը, ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը, քույրը եւ եղբայրը: