Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանն ընդունել է «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Վարդանյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության՝ որպես ՀԸԳՀ-ից բխող օրենսդրության մոտարկման գործընթացը համակարգող մարմնի կողմից տարվող ներկայիս աշխատանքները և դրանց արդյունքները:
Մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ծրագրի շրջանակում ԵՄ օրենսդրության մոտարկման գործընթացի վերաբերյալ պետական կառավարման համակարգի մարմինների համար կազմակերպվելիք իրազեկման դասընթացների, կլոր սեղան քննարկումների անցկացմանն ուղղված գործողությունները և դրանց ներկայիս ընթացքը: Այս համատեքստում, երկուստեք կարևորվել և ընդգծվել են վերոնշյալ դասընթացներին և կլոր սեղան քննարկումներին՝ պետական կառավարման համակարգի մարմինների ու գերատեսչությունների ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը:
Միջազգային գործընկերը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության ներդրած ջանքերը, ինչպես նաև արդյունավետ աշխատանքը:
Հանդիպման ավարտին, երկուստեք վերահաստատվել է ծրագրի շրջանակում համագործակցության շարունակականության հրամայականը: