Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը բանախոսել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին ուղղված համաժողովում:
Նվարդ Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում գենդերային բռնության ոլորտում առկա իրավիճակը, արդի մարտահրավերները, ինչպես նաև՝ ոլորտի առաջիկա բարեփոխումներին ուղղված գործողությունները: Այս համատեքստում շեշտադրվել է, որ Արդարադատության նախարարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում ընտանիքում բռնության դեմ պայքարի, կանանց նկատմամբ խտրականության և բռնության բացառման, ինչպես նաև՝ կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները:
Անդրադառնալով Հայաստանում գենդերային բռնության ոլորտում առկա իրավիճակին և արդի մարտահրավերներին՝ Նվարդ Վարդանյանը հայտնել է, որ ներկայումս Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ՝ շրջանառվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից նախագծերի փաթեթը: Նշվել է նաև, որ Արդարադատության նախարարությունն ակտիվորեն մասնակցել է վերոնշյալ օրենսդրական փաթեթի աշխատանքային քննարկումներին, ինչպես նաև հանդես է եկել փորձագիտական եզրակացությամբ:
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող գործընկերներին, որոնց ջանքերի և կատարած շարունակական աշխատանքի շնորհիվ հնարավորություն է ընձեռնվել քննարկել և լսելի դարձնել Հայաստանում գենդերային բռնությանն առնչվող խնդիրներն ու մարտահրավերները:
Միջոցառումը տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: