Եվրոպայի Խորհրդի գրասենյակի և Լեհաստանի աջակցությամբ վերաբացվել են Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի՝ Էջմիածին և Արմավիր քաղաքների տարածքային մարմինները

25/11/2022

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, տեղի է ունեցել Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի՝ Էջմիածին և Արմավիր քաղաքների տարածքային մարմինների վերաբացման արարողությունը, որին ներկա են գտնվել Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Գարիկ Աբելյանը, Լեհաստանի հյուպատոս Թոմաշ Բոյկոն, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և այլ պաշտոնյաներ։


Գևորգ Սիմոնյանն իր բացման խոսքում ողջունել է ներկաներին, կարևորել սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ՝ ուղղված ՀՀ-ում Պրոբացիայի ծառայության զարգացմանը և իր երախտագիտությունն է հայտնել Լեհաստանի հյուպատոս Թոմաշ Բոյկոյին երկու տարածքներում իրականացված վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ղեկավար Մարտինա Շմիդտին՝ վերոնշյալ տարածքների տեխնիկական վերազինման աջակցության համար։

Միջազգային գործընկերները վերահաստատել են իրենց հետագա համագործակցությունը և նշել, որ նմանատիպ ծրագրերը կրելու են շարունակական բնույթ։
Ծրագիրը իրականացվել է Եվրոպայի խորհրդի կողմից «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում և «Հայաստանում պրոբացիայի ծառայություն մատուցող հաստատությունների պայմանների բարելավում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության՝ Լեհական զարգացման համագործակցության ծրագրով։