«Վեթինգը դատական համակարգում» թեմայով հանդիպմանը ներկայացվել են վեթինգի իրականացման, դատավորների բարեվարքության ստուգման ընթացակարգերին առնչվող հարցեր

29/11/2022

Հայաստանում Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել «Վեթինգը դատական համակարգում» թեմայով հանդիպում, որի ընթացքում բանախոսել է մարդու իրավունքների եվրոպական օրենսդրության մեջ մասնագիտացած հոլանդացի պրոֆեսոր Ռիկ Լոուսոնը:
«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հանդիպման մեկնարկին ընդգծել է միջոցառման կաևորությունը և հավելել, որ այն հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ակադեմիական և միջազգային լավագույն փորձին այնպիսի կարևոր հարցի առնչությամբ` ինչպիսին է վեթինգը դատական համակարգում։
Տիգրան Դադունցը հղում է կատարել նաև դատական և իրավական բարեփոխումներին, դրա շրջանակներում շարունակաբար իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ այդ համատեքստում իրականացվող հանդիպումը կարևոր դերակատարում կունենա` հնարավորություն ընձեռելով ծանոթանալ դատական համակարգում վեթինգի իրականացման նոր մոտեցումներին և ձևավորել նոր գաղափարներ` ուղղված այդ գործընթացի պատշաճ կազմակերպմանը։
Հանդիպում-քննարկման ընթացքում հոլանդացի պրոֆեսոր Ռիկ Լոուսոնը ներկայացրել է վեթինգի կիրառման ալբանական փորձը, դրա իրականացման արդյունավետությունը, վեթինգի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, դրա առանձնահատկությունը կոնկրետ դեպքերի համատեքստում և այլն:  
Միջոցառման ավարտին, մասնակիցները հնարավորություն են ունեցել հարց-պատասխանի միջոցով բարձրաձայնել վեթինգի իրականացման, դատավորների բարեվարքության ստուգման ընթացակարգերին առնչվող հարցեր։
Միջոցառմանը մասնակցել են Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Ազգային ժողովի պատգամավորներ: