Բացվել է Պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման առաջին կենտրոնը, ազատությունից զրկված անձանց մատուցվող բժշկական օգնությունն ու սպասարկումը դարձել է ավելի օպերատիվ և որակյալ. ամփոփվել են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքները

29/11/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի արդյունքներն ամփոփող փակման միջոցառմանը:

Փոխնախարար Սարգսյանը փաստել է, որ բանտային առողջապահության և պրոբացիայի ոլորտների շարունակական զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է՝ ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը նշված ոլորտների թիրախավորման առաջին իսկ օրվանից օժանդակել է Կառավարությանը: Նրա նշմամբ՝ ծրագրային ձեռքբերումները վկայում են այն մասին, որ Հայաստանը նշված ոլորտներով իրապես զարգացման և ինքնակատարելագործման ուղի է բռնել:

Սարգսյանը շեշտել է, որ Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկված քայլերից են հանրապետությունում պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման առաջին կենտրոնի բացումը, պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման մոդուլների մշակումը, պրոբացիայի ծառայության աշխատանքը թվայնացնող e-probation էլեկտրոնային կառավարման հարթակի մշակումը՝ նշելով, որ այս ցանկը սպառիչ չէ:

Անդրադառնալով բանտային առողջապահությանը՝ Սարգսյանն ընդգծել է, որ փակ հաստատություններում հատկապես առողջապահական հարցերը շատ զգայուն են:

Փոխնախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ազատությունից զրկված անձանց՝ պացիենտներին, մատուցվող բժշկական օգնությունն ու սպասարկումը դարձել է ավելի օպերատիվ և որակյալ: Ծրագրային այնպիսի շոշափելի արդյունքներ են գրանցվել, ինչպիսիք են խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի արձանագրման գործիքակազմի, հոգեկան առողջության և ինքնասպանության, ինքնավնասման ռիկսի գնահատման գործիքակազմերի, կենտրոնի աշխատանքը թվայնացնող e-health հարթակի մշակումը, հեռաբժշկության մոդելի ներդնումը և այլ գործողություններ:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը գոհունակությամբ նշել է, որ Արդարադատության նախարարության հետ ունեցած արդյունավետ և ինտենսիվ համագործակցությունը բանտային բժշկության և պրոբացիայի ոլորտներում էական փոփոխություններ է արձանագրել՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել հետագա համագործակցությունն ու ամրապնդել գրանցած հաջողությունները:

Սարգսյանն ու Շմիդտը նշել են նաև, որ 2023-2026թթ. Հայաստանի համար ԵԽ Գործողությունների Ծրագրում արդեն իսկ թիրախավորվել են այս ուղղությունները՝ համագործակցության ավելի ընդլայնված օրակարգ ձևավորելու ակնկալիքով:

Միջոցառման շրջանակներում ԵԽ ծրագրային ղեկավարների՝ Դիանա Ղազարյանի և Արման Պողոսյանի կողմից ներկայացվել են ծրագրային արդյունքները:

Միջոցառմանը մասնակցել են նաև Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը, նշված կառույցների և Եվրոպայի խորհրդի ղեկավար կազմերի այլ ներկայացուցիչներ:

Ծրագրերն իրականացվել են Եվրոպայի խորհրդի կողմից և ֆինանսավորվել են Հայաստանի համար 2019-2022թթ. Գործողությունների Ծրագրի շրջանակներում: