Գործարարությամբ զբաղվելն առավել դյուրին կդառնա. նոր նախագիծ

07/12/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքի նախագիծը:
Նախագիծը միտված է առավել դյուրին դարձնել Հայաստանում գործարարությամբ զբաղվելը: Բացի վերը նշված նպատակի իրագործմանն ուղղված իրավական նորմերից, փոփոխության կամ լրացման են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում կարող էին հանգեցնել հակասությունների և տարընթերցումների:
 Գործող կարգավորումներով իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են նաև Դատական դեպարտամենտի և հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունները` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի և վարույթների բացակայության վերաբերյալ: Նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է, առաջարկվում է ներկայացնել ղեկավարի հայտարարագիրն այն մասին, որ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործեր, հարուցված և չկարճված կատարողական վարույթներ, Տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթներ, ինչպես նաև Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նկատմամբ պարտավորություններ չկան, որով կրճատվում է համապատասխան ծառայության համար ներկայացվող փաստաթղթերի քանակը, բացի այդ, ապահովվում է Հայաստանի Հանրապետության որդեգրած ծառայությունների մատուցման «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը։
Հստակեցվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման հետ կապված՝ գործող օրենքում առկա կարգավորումները։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների մասին տեղեկությունները գրառվում են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում։ Մասնակիցների մասին անձնագրային տեղեկությունները գործող «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի հիման վրա նշված են նաև ընկերության կանոնադրությունում։ Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում մասնակիցների անձնագրային տվյալների փոփոխության արդյունքում առաջանում է հակասություն՝ գրանցամատյանում գրառված և կանոնադրությունում նշված տվյալների միջև։ Արդյունքում քաղաքացիներն ստիպված են լինում փոփոխություններ կատարել նաև կանոնադրությունում, որպիսի պարագայում անհրաժեշտ է ներկայացնել կանոնադրության փոփոխությունները, իրավասու մարմնի որոշումը՝ համապատասխան փոփոխությունները հաստատելու մասին։
Նախագծով առաջարկվել է նաև սահմանել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ որպես Արդարադատության նախարարության գրասենյակի կարգավիճակը` նախատեսելով նաև իրավահաջորդության մասին դրույթներ։