Քաղաքական պատասխանատուն լինելու է նախարարը. Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթը

09/12/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն:

Ըստ Սարգսյանի` Նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը: Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու եւ այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը` Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ: Այդ մարմինների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական ղեկավարումը, կրելուն են ծառայությունների գործունեության ծառայողական պատասխանատվությունը, իսկ քաղաքական պատասխանատուն լինելու է ՆԳ նախարարը: Փաթեթային լուծմամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը՝ համաձայն անցումային ժամանակացույցի:

Փոխնախարար Սարգսյանն ընդգծել է քաղաքացիական նախարարություն ունենալու առավելությունները՝ նշելով, որ նախարարության ձևավորումը թույլ կտա նախ ոստիկանության ոլորտում ունենալ քաղաքականության մշակման համար պատասխանատու, ոլորտային բարեփոխումների իրագործող, ոստիկանության նկատմամբ ունենալ խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողություն՝ այդպիսի վերահսկողություն բոլոր գործիքների կիրառմամբ։ Նա նաև փաստել է, որ ժողովրդավարական պետություններում նախարարությունն օգնում է ապահովել ոստիկանության զարգացումը որպես մասնագիտացված կառույցի։
 
Արփինե Սարգսյանը նշել է, որ նախարարության ստեղծմամբ հանրային մի շարք ծառայություններ արդեն մատուցվելու են հենց նախարարության կողմից՝ քաղաքացիներին մատուցելով նոր որակի ծառայություն։

Սարգսյանը կարևորել է կադրային քաղաքականության մշակման կարևորությունը՝ ընդգծելով ՆԳՆ ենթակայությամբ գործող կառույցների կադրերի պատշաճ կրթության ապահովման անհրաժեշտությունը։ Այս տեսանկյունից, օրինակ, ոստիկանության ծառայողի կրթությունը ոչ թե պետք է լավ ավանդույթի շարունակություն լինի, այլ այն պետք է կապակցվի ոստիկանության առջև դրված մատրահրավերիներին և իրական կարիքներին։ Ըստ այդմ՝ ձևավորվելու է ՆԳՆ կրթահամալիր։

Անդրադառնալով ոստիկանի կերպարին՝ Սարգսյանը փաստել է, որ նպատակը բարեվարք, պրոֆեսիոնալ և հանրությանը ծառայող ոստիկանի կերպար ունենալն է և այդ առումով ջանք չի խնայվի։ Հետևապես, ծառայողների համար փոփոխությունները պետք է ընկալվեն որպես նոր որակ ապահովելու շանս։

Սարգսյանն ընդգծել է նաև բարեփոխումների իրականացման հարցում միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման կարևորությունը և դերը։
 
Նիստի ընթացքում տեղի է ունեցել հարցուպատասխան, մտքերի փոխանակում։ Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի կողմից: