Զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությունը և նրանց ներգրավվածության խթանումը կարևոր առաջնահերթություն է. Արփինե Սարգսյան

13/12/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի փակման արարողությանը:

Փոխնախարար Սարգսյանը փաստել է, որ ծրագրի գործողությունների արդյունավետ իրականացմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանության 2020-2022 թվականների ազգային ռազմավարության՝ զինված ուժերում կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության բաղադրիչի համատեքստում ծրագրային 5 միջոցառումներով արդեն իսկ առկա են դրական արդյունքներ:

Սարգսյանը կարևորել է ծրագրի շրջանակներում մշակված՝ մարդու իրավունքներին վերաբերող դասընթացի ներառումը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսումնական ծրագրերում և դասընթացավարների համար ուսումնական ձեռնարկի մշակումը՝ կրթական բաղադրիչում կանանց իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ներկայացման անհրաժեշտության համատեքստում:

Ծրագրի շրջանակներում մշակվել են նաև իրազեկմանն ուղղված հոլովակներ՝ ընդգրկելով կանանց համար զինվորական ծառայության հավասար հնարավորությունների, իրավական պաշտպանության միջոցների, ինչպես նաև զինծառայողների սոցիալական երաշխիքների և նպաստների համակարգի վերաբերյալ ազգային իրավական դաշտի թեմաները: Սարգսյանը շեշտել է նաև, որ կին զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերը զգայուն են ոչ միայն խաղաղ, այլ նաև պատերազմական իրավիճակներում, ուստի ձեռնարկվող քայլերը պետք է հավասարապես վերաբերեն երկու իրավիճակներին էլ:

Սարգսյանը վերահաստատել է, որ Կառավարության կողմից մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի մշակումը և ներդնումը համարվում են բացարձակ առաջնահերթություններ, որից անմասն չի մնալու զինված ուժերը,  հատկապես կանայք՝ ապահովելու համար ծառայողական հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդաննովան շնորհակալություն է հայտնել Կառավարությանն արդյունավետ գործընկերության համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել այս ոլորտում հետագա համագործակցությունը: