Մշակվել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների նոր ռազմավարության հիմնական ուղղությունների հայեցակարգը

15/12/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ կայացել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնական ուղղությունների հայեցակարգի վերաբերյալ քննարկումը:
Փոխնախարար Սարգսյանը կարևորել է նոր ռազմավարական ուղղությունների նախանշումը, որոնք բխում են ինչպես գործող՝ 2019-2023թթ. ռազմավարության կատարողականի, միջազգային կազմակերպությունների զեկույցների, միջազգային փորձագիտական կարծիքի, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան և արտահերթ զեկույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արձանագրումների, ինչպես նաև ներհամակարգային գնահատումների վրա:
Արփինե Սարգսյանը նշել է, որ հայեցակարգի առաջնահերթությունների թվին են դասվում քրեակատարողական հիմնարկներում դինամիկ անվտանգության կոնցեպտի ներդնումը, պատժի կրման՝ ռիսկերի և կարիքների գնահատման պլանավորումը, ծառայողների պատրաստման և ատեստավորման ինստիտուտի ներդնումը, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների փոխգործակցության արդյունավետության բարձրացումը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման զեկույցների բովանդակային և կոնցեպտուալ կատարելագործումը, վերասոցիալականացման կենտրոնների թվի ընդլայնումը, շենքային պայմանների բարելավումը և այլն:
Հանդիպման ընթացքում ռազմավարական ուղղությունների հայեցակարգի մշակման գործընթացում Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի աջակցությամբ ներգրավված միջազգային և ներպետական փորձագետների կողմից ներկայացվել է հայեցակարգը, որի հիմքում ընկած է դատապարտյալի՝ անվտանգ և ապահով միջավայրում վերասոցիալականացման և հասարակությունում վերաինտեգրման ելակետային գաղափարը՝ առաջնայնություն տալով ոչ թե պատժի պարզապես կատարմանը, այլ դատապարտյալի վերաինտեգրմանը:
Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղհասարակության, Արդարադատության նախարարության, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչները:
Հանդիպումը կազմակերպվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից AISPIRA ծրագրի շրջանակներում: