Ավտոմատացվել է Պրոբացիայի ծառայության և ՊԵԿ-ի միջև տվյալների փոխանակումը. էլեկտրոնային հարթակը իրականացնելու է հսկողություն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված պրոբացիայի շահառուների նկատմամբ

30/12/2022

Արդարադատության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համագործակցությամբ գործարկվել է https://probation.taxservice.am/ էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս Պրոբացիայի ծառայության և հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացն իրականացնել ավտոմատացված եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ինչը կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու, փաստաթղթաշրջանառության կրճատման և ժամանակ խնայելու արդյունավետ միջոց է:
Ստեղծված էլեկտրոնային հարթակը երկու կառույցների իրավասության շրջանակում կոչված է իրականացնելու արդյունավետ հսկողություն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված պրոբացիայի շահառուների նկատմամբ։
Էլեկտրոնային համակարգն ամբողջությամբ լուծում է երկու կառույցների միջև անհրաժեշտ տվյալների փոխանակման խնդիրը, ինչի շնորհիվ դատավճռով սահմանված պատժի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ամենօրյա կարգով գեներացվելու են պրոբացիայի շահառուի զբաղվածության վերաբերյալ տվյալները, մասնավորապես՝ աշխատավայրը, զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ընդունման ամսաթիվը, աշխատանքային հարաբերություններում փոփոխությունները և այլն։
Պատժի կրման պահանջների խախտումների դեպքում, պրոբացիայի շահառուի վերաբերյալ համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորում է ծանուցում և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում Պրոբացիայի համապատասխան ստորաբաժանմանը։